ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Սերգո Կարապետյանին հրավիրել է Ֆրանսիա

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին. տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքից:

Հյուրի խնդրանքով նախարարն անդրադարձել է նախորդ հանդիպումներից հետո Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացումներին, կարևորել ֆրանսիական կողմի մասնակցությունը ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաև երկկողմ համագործակցության խորացումը:

Նախարարը ներկայացրել է հանրապետության Նախագահի կողմից գյուղատնտեսությունը գերակա ուղղություն ճանաչելու, վերջինիս շրջանակներում գյուղում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում նա հիշատակել է հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռենոն հետաքրքվել է համագործակցության նոր ուղղություններով, որին ի պատասխան նախարարն առանձնացրեց մասնավոր տնտեսությունների խոշորացման, ապահովագրական համակարգի ստեղծման, ջերմոցային տնտեսությունների զարգացման, անասնապահության ոլորտում հոտի բարելավման միջոցով մթերատվության բարձրացման, գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի թարմացման, մասնագետների վերապատրաստման խնդիրները:

Դեսպանն առաջարկել է տրամադրել հայկական կողմի առաջարկների ու ծրագրերի հիմնավորումներն իր կառավարության քննարկմանը ներկայացնելու համար:

Ֆրանսիական փորձին տեղում ծանոթանալու և իր գործընկերոջ հետ համագործակցության հեռանկարներն առարկայացնելու համար դեսպանը Սերգո Կարապետյանին հրավիրել է Ֆրանսիա, ինչն ընդունվել է շնորհակալությամբ:

Մեկնաբանել