Տեղի է ունեցել Թրաֆիքինգի դեմ պայքարի լուսաբանման երկրորդ մրցանակաբաշխությունը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հունիսի 6-ին տեղի է ունեցել Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Ինչպես հաղորդում են տարածքային կառավարման նախարարությունից, ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը, Արտաքին գործերի նախարարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Վերջին տարիներին համակարգված աշխատանք է իրականացվել թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում: Մենք ունենք նկատելի հաջողություններ, բայց դրանք շատ ավելի շոշափելի կլինեն, եթե հասարակությունը ևս պատշաճ տեղեկացված լինի այդ երևույթի մասին: Այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք հանրության իրազեկման աշխատանքները և, կարծում ենք, այս մրցույթը ևս նպաստում է այդ խնդրի լուծմանը»,- ասել է Արմեն Գևորգյանը`վստահեցնելով, որ թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերը շարունակվելու են կառավարության ուշադրության կենտրոնում գտնվել:

Նա նաև շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, մասնավորապես` ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի երևանյան գրասենյակին` մրցանակաբաշխության կազմակերպման անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորելու, ինչպես նաև մասնագիտական ժյուրիին` կատարած աշխատանքի համար:

Խորհրդի նախագահն այնուհետև հավաստագրեր է հանձնել հաղթողներին:

Մասնագիտական ժյուրիի որոշմամբ` «Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգում առաջին տեղին է արժանացել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը` «Թող հավատան, որ կյանքը սրանով չի ավարտվում» ռադիոնյութի համար, նույն անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են հեղինակներ Դիանա Ավետիսյանը` «Սոցիալական ցանցերը կարող են դառնալ թրաֆիքինգի ցանցեր» և Անի Մանուկյանը` «Ստրկությունից մինչև թրաֆիքինգ» տեսանյութերի համար, որոնք ցուցադրվել են «Արմենիա» հեռուստաընկերությամբ:

«Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում երկրորդ տեղն է զբաղեցրել լրագրող Վահան Իշխանյանը` «Հայաստան. ստրկությունը 21-րդ դարում կամ թրաֆիքինգ» հրապարակման համար, երրորդ մրցանակային տեղին արժանացել է «Երկիր» պարբերականի լրագրող Աստղիկ Կարապետյանը` «Ուզում եմ թրաֆիքինգի զոհ դառնալ» նյութի համար: Մասնագիտական ժյուրին այս անվանակարգում առաջին տեղ չէր շնորհել:

Մրցանակային տեղերի համար սահմանված է նաև դրամական պարգև:

Ժյուրիին ներկայացվել էր շուրջ 40 աշխատանք: Անցյալ տարի, երբ մրցանակաբաշխությունն անցկացվում էր առաջին անգամ, ներկայացվել էր շուրջ մեկ տասնյակ աշխատանք: Ըստ կազմակերպիչների` սա վկայում է լրագրողական շրջանում թեմայի վերաբերյալ հետաքրքրության աճի մասին:

Մեկնաբանել