Մշակվում է Հայաստանի հետ գործակցության երկու ուղղություն. ՀԲ-ի պատվիրակության ղեկավար

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Ահմեդ Էյվեյդայի գլխավորությամբ. տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքից: Նախարար Ս.Թադևոսյանը գոհունակություն է հայտնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից և հույս հայտնել, որ այն էլ ավելի կամրապնդվի:
«Ուրախալի է, որ առաջիկայում Համաշխարհային բանկի գործակցության մտադրությունը կապված է տարածքային զարգացման օժանդակությանը` մասնավորապես զբոսաշրջության ոլորտում, որի զարգացումն անմիջականորեն կապված է քաղաքաշինական խնդիրների, ենթակռուցվածքների ձևավորման հետ»,- նշել է նախարարը: Նա տեղեկացրել է, որ քաղաքաշինության նախարարությունում ներկայում այդ ուղղությամբ մի քանի ծրագրեր են իրականացվում, մասնավորապես` «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի, Գյումրիի Վանաձորի, Դիլիջանի և Ջերմուկի քաղաքաշինական նախագծերը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի քաղաքաշինության ոլորտի և Համաշխարհային բանկի համագործակցության զարգացման հեռանկարները: ՀԲ պատվիրակության ղեկավար Ահմեդ Էյվեյդան տեղեկացրել է, որ ներկայում ՀԲ-ում մշակվում է մեր երկրի հետ գործակցության 2 ուղղություններ` տարածքային զարգացման և աղետների ռիսկերի կառավարման խնդիրների վերաբերյալ: Նպատակ ունենալով նպաստել տարածքային զարգացմանը, շեշտը դնելով մանր ու միջին գործարարության խթանման վրա, զրուցակիցները զբոսաշրջության զարգացման ուղղությամբ քննարկել են 3 ուղղություններ` Խոր Վիրաբ-Նորավանք-Եղեգնաձոր-Սյունիք, Գյումրի-Ստեփանավան-Ալավերդի, Սևանա լիճ-Դիլիջան: ՀԲ կայուն զարգացման ոլորտի ղեկավար Զարուհի Թոխմախյանը ընդգծել է Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման, ինչպես նաև շենք-շինությունների սեյսմազինվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ ՀԲ-ի պատրաստակամության մասին:

Նախարար Սամվել Թադևոսյանը հաշվի առնելով Հայաստանում սողանքների ու երկրաշարժի հավանականությունը, առանձնահատուկ կարևորել է ՀԲ-ի աջակցությունը աղետների ռիսկերի կառավարման հարցում: Այդ համատեքստում Թադևոսյանն ընդգծել է «Հայսեյսմշին» ընկերության վերազինման խնդիրը, որի արդիականացման շնորհիվ կիրականացվեն նախագծահետազննական աշխատանքներ և կբարձրանա շենք-շինությունների կառուցման և ուժեղացման վերականգնման որակը: Նախարար Ս. Թադևոսյանը տեղեկացրել է, որ քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրներից են շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված իրավական հիմքերի ապահովումը և շենքերի ու շինությունների տեխնիկա¬կան տվյալների բազայի ստեղծումը: Պարոն Թադևոսյանը ասել է, որ առաջնահերթությունը տալով կրթական, մարզական և մշակութային հաստատություններին` արդեն հավաքագրվել է մոտ 2500 շենք–շինությունների տեխնիկական տվյալներ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել վերոնշյալ ծրագրերի ուղղությամբ համագործակցության առնչությամբ:

Մեկնաբանել