Այս շարժումը կբերի Էրդողանի կառավարության ամբիցիաների կրճատման. Անուշ Սեդրակյան

Ներկա պահին Թուրքիայում կա այն, ինչ Հայաստանում էր 1988թ, երբ բնապահպանական պրոտեստը վերաճում է ավելի գլոբալ պրոտեստի. «Ա1+»-ի հյուրասրահում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: «Ես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել Էրդողանի կուսակցության անվանման վրա՝ «Արդարության և զարգացման». թե արդարությունը, թե զարգացումը վերացական երևույթներ են: Նրանց հակառակորդները՝ հանրապետականները, ավելի հստակ չափանիշներ ու ուղենիշներ ունեն: Եվ երբ մենք խոսում ենք Աթաթուրքի սկզբունքների մասին, նշենք, որ քչերն են այդ մասին խոսում, բայց այդ մասին խոսում են հանրապետականները: Իսկ դրանք երկուսն են. որ Թուրքիան երբեք հետ չի կանգնի աշխարհիկ սկզբունքներից, և չի վարի մեծապետական, գաղութացման քաղաքականություն: Իսկ Էրդողանի քաղաքականությունը վաղուց անցել է այդ երկու ուղենիշներից»,- նշեց նա:

Ըստ Սեդրակյանի՝ Էրդողանի օրոք ծաղկում են ապրել իսլամիստական կազմակերպությունները, որոնց ահագնացող գերակայության պայմաններում էլ աշխարհիկ Թուրքիան մտահոգվում է, քանի որ նման իրավիճակում այն կարող է տարածաշրջանային կոնֆլիկտներում ներգրավվել, և կփլուզվի նրա ժանդարմային՝ «տարածաշրջանում խաղաղություն պահպանողի» կերպարը: «Ինչպես տեսնում եք ներկա ներքին կառուցվածքով Թուրքիան ի զորու չէ իրականացնել այդ ֆունկցիան»,- նշեց նա:

Ըստ Սեդրակյանի՝ այս շարժումը չի բերի Էրդողանի կառավարության փոփոխությանը, այլ միայն կլինի «ամբիցիաների կրճատում», ինչը ձեռնտու է Հայաստանին, քանի որ Թուրքիան այլևս ակտիվորեն չի միջամտի ղարաբաղյան խնդրի կառավարմանը, և այդժամ «կարելի է քննարկել սահմանների բացման խնդիրը ավելի բարենպաստ պայմաններով»:

Մեկնաբանել