Կայացել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը

Հունիսի 8-ին գումարվել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը: Ավագանու 65 անդամներից նիստին ներկա են եղել 64-ը: Նախքան նիստի սկսվելը՝ սահմանված կարգով գրանցվել են ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցությունների անդամները:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անդրանիկ նիստը վարող ավագանու տարիքով ավագ անդամ` Աստղիկ Գևորգյանը ներկայացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` Երևանի ավագանու ընտրությունների արդյունքով ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանն օրենքի ուժով ընտրվել է Երևանի քաղաքապետ: ԿԸՀ որոշման համաձայն՝ ՀՀԿ-ը ընտրությունների արդյունքում ստացել է 42 մանդատ, ԲՀԿ-ն`17, «Բարև Երևան» դաշինքը՝ 6:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է ավագանու նորընտիր անդամներին, ինչպես նաև ողջունել «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչների մուտքը Երևանի ավագանի:

Օրակարգի համաձայն, Երևանի ավագանին նաև հաստատել է ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Քվեարկության արդյունքում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀԿ խմբակցության անդամ Սուրեն Ներսիսյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը և «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Օրակարգի հաջորդ հարցով Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետի երդմնակալության առիթով ավագանու նիստ գումարելու օրը:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորություններն ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:

Ավագանու որոշմամբ՝ Երևանի ընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 11:00-ին` Երևանի ավագանու հատուկ հրավիրված նիստում։

Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է նաև մշտական հանձնաժողովների կազմը: Կանոնակարգի համաձայն՝ ավագանու մշտական չորս հանձնաժողովներից, քվեարկության համաձայն, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, տեղակալ՝ ԲՀԿ խմբակցության անդամ Ջիվան Պողոսյանը, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԲՀԿ խմբակցության անդամ Թամարա Պողոսյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը: Ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Մադաթյանը:

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները, խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարության համաձայն, հրաժարվել են մասնակցել քվեարկություններին:

Երևանի ավագանին որոշել է ավագանու հերթական հաջորդ նիստը հրավիրել սեպտեմբերի 10-ին:

Նիստի ավարտից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Մեկնաբանել