Չինաստանը կկառուցի Պանամայի ջրանցքի այլընտրանքը

Նիկարագուան չինական ընկերությանը տրամադրել է 100 տարվա կոնցեսիա, որպեսզի վերջինս Պանամայի ջրանցքին այլընտրանքային ջրանցք կառուցի։ Diplօmat հանդեսը նշում է, որ $40 մլրդ արժողությամբ նոր ջրանցքը կունենա ավելի մեծ տարողունակություն, քան Պանամայի ջրանցքը, ինչը թույլ կտա, որ դրանով անցնեն երկու անգամ ավելի մեծ նավեր, քան Պանամայի ջրանցքն ի վիճակի կլինի ընդունել ներկայում իրականացվող ընդարձակման ավարտից հետո։

Նիկարագուայի խորհրդարանը «դարի նախագծի» իրականացման՝ Պանամայի ջրանցքի այլընտրանքի կառուցման մասին օրինագիծը սկսել էր քննարկել 2012թ․ հունիսին։ Այն խորհրդարան էր մտցրել երկրի նախագահ Դանիել Օրտեգան։

Նիկարագուայի ներկայիս տարածքում միջօվկիանոսյան ջրանցք կառուցելու մասին մտորում էին դեռ իսպանացիները 16-րդ դարում, 19-րդ դարում մշակվել էր նախագիծ և անգամ աշխատանքներ էին սկսվել, սակայն արդյունքում նախապատվությունը տրվել էր Պանամային, որից հետո նիկարագուական այլընտրանքային երթուղու մասին որոշ ժամանակով մոռացել էին: Պանամայի ջրանցքի առկայության պայմաններում դրա իմաստը չկար։ Սակայն վերջին տասնամյակներին իրադրությունը փոխվել է։

Բանն այն է, որ Պանամայի ջրանցքն անգամ ընդարձակումից հետո, որը պետք է ավարտվի մինչև 2015թ․, չի կարողանա ընդունել նավթային սուպեր հեղուկանավեր և խոշոր չափերի այլ նավեր։ Նիկարագուական նոր ջրանցքը պատրաստվում են կառուցել՝ հաշվի առնելով այս հանգամանքը։ Փորձագետները կարծում են, որ դրանով կիրականացվի համաշխարհային բեռնափոխադրումների 4,5%-ը՝ ավելին, քան իրականացվում է Պանամայի ջրանցքով (2,9%-ից մինչև 4%)։ Ապագա ջրանցքը կունենա ևս մեկ առավելություն՝ Պանամայի ջրանցքի համեմատ․ այն թույլ կտա 800 կմ-ով կրճատել ճանապարհը ԱՄՆ-ի ատլանտյան նավահանգիստներից դեպի խաղաղօվկիանոսյան։ Գլխավոր թերությունն այն է, որ նոր ջրանցքը երեքուկես անգամ երկար կլինի Պանամայի ջրանցքից (286 կմ-ը՝ 81,6 կմ-ի համեմատ)։

Պանամայի ջրանցքը պաշտոնապես բացվել է 1920թ․։ 1977թ․ Պանաման ԱՄՆ-ի հետ համաձայնության եկավ ջրանցքի վերահսկողությունն աստիճանաբար իրեն փոխանցելու շուրջ։ 1999թ․ դեկտեմբերին ջրանցքն ամբողջությամբ անցավ Պանամայի ինքնիշխանությանը։ Այժմ այն կառավարում է Autoridad del Canal de Panama (ACP) պետական ընկերությունը։

Մեկնաբանել