Լրագրողները պաշտպանված չեն

Պետրոս Ղազարյան. «Ցանկացած երկրում խոսքի ազատությունը լինում է այնքան, ինչքան այդ հասարակությունը պատրաստ է պայքարել այդ խոսքի ազատության համար»:

Անցած շաբաթ «Շանթ» հեռուստաընկերությունը հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին հեռացրեց աշխատանքից ֆեյսբուքյան գրառման պատճառով: Արդյո՞ք այդ դեպքը նշանակում է, որ Հայաստանում խոսքի ազատությունը մնում է ոտնահարված: ՍիվիլՆեթը այս և այլ թեմաների շուրջ զրուցել է «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հետ: Զրույցը կրճատումներով ներկայացված է ստորև:

— Ես համաձայն չեմ, որ խոսքի ազատությունը մնում է ոտնահարված: Եթե խոսքի ազատության առումով մենք ինչ-որ միանշանակ բան ասենք, դա կլինի ամենամեծ սխալը: Այսօր, իհարկե, կա շատ ավելի մեծ ազատություն, շատ ավելի լրատվամիջոցներ, դա ունի և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ՝ որովհետև կա ինտերնետ, և իշխանությունը այլևս լրատվության նկատմամբ մենաշնորհ չունի՝ ուզենա-չուզենա, կոշտ լինի, փափուկ լինի: Սուբյեկտիվ՝ որովհետև իշխանությունն ինքը նույնպես հասկացել է, որ ավտորիտար մեթոդներով չի կարելի շատ հեռու գնալ, դա բերում է հակառակ էֆեկտի: Մյուս կողմից՝ երկրում լրագրողները պաշտպանված չեն, և դա ցույց տվեց Դուլյանի գործը: Լրատվամիջոցները պաշտպանված չեն, լրատվամիջոցների նկատմամբ շատ մեծ է տարբեր խմբերի ազդեցությունը: Ամեն մեկի դեպքում մեկ առանձին պատմություն է, բայց սա համակարգային բնույթ ունի: Ամենակարևորը՝ ես չեմ ուզում ասել՝ Դուլյանն է ճիշտ, «Շանթն» է ճիշտ: Դա էական չէ. հասարակության վերաբերմունքն է կարևոր… մեկ-երկու օր, ու մոռացվեց գնաց: Իսկ հասարակությունը պետք է շահախնդիր լինի իր տեղեկատվության աղբյուրների նկատմամբ:

«Ա1+»-ը փակվեց, երկու անգամ միտինգ արեցին, իսկ երրորդ անգամ արդեն մոռացան, որ իրենք «Ա1+»-ի համար պայքարում են: Ցանկացած երկրում խոսքի ազատությունը լինում է այնքան, ինչքան այդ հասարակությունը պատրաստ է պայքարել այդ խոսքի ազատության համար: Ավել չի լինում, պակաս էլ չի լինում: Չի կարող լինել, որ դու պայքարես և պակաս խոսքի ազատություն ստանաս, և հակառակը՝ դու չպայքարես, ու մեկ էլ լավ իշխանություններ գան ու ասեն՝ նվիրում ենք ձեզ խոսքի ազատություն: Այդպես չի լինում: Հասարակության ցուցիչներից մեկն է, թե ինչպես ենք մենք վերաբերվում լրատվությանը, խոսքի ազատությանը, մեր ինֆորմացիա ստանալու իրավունքին: Իսկ եթե լրագրողը պաշտպանված չէ, բնականաբար այդ ինֆորմացիան լինելու է թերի: Ինչքան լրագրողի պաշտպանվածությունը քիչ է, այնքան նրա խոսքը հեռու է ճշմարտությունից, ավելի հեռու է օբյեկտիվ լինելուց և ընդհանրապես՝ սեփական պատկերացումներով գործելուց: Մեր լրագրողների զգալի հատվածը նման է մեր քաղաքական գործիչներին, որոնք ինչ-որ բան ասում են, բայց իրենք արդեն մոռացել են, որ իրենք պետք է սեփական պատկերացում ունենան, կարծիք ունենան, միտք ունենան: Դա ամենավատ բանն է, որ կարող է լինել ոչ միայն մասնագետի, այլև մարդու հետ:

— Այն, ինչ կատարվեց Դուլյանի հետ, կարող է կատարվել յուրաքանչյուր լրագրողի հետ: Ինչպե՞ս եք գնահատում լրագրողների արձագանքը, արդյոք այն ադեկվա՞տ էր կատարվածին:

— Այնպես չէ, որ Դուլյանի դեպքով է սկսվում այն, որ լրագրողները ադեկվատ չեն հանրային ինչ-որ մի վատ արարքի նկատմամբ, և այնպես չէ, որ Դուլյանինը ամենավատ դեպքն էր, որի հարցում մենք ոչ ադեկվատ ենք: Ինձ համար լրագրողը սկսում է սեփական պատկերացումը ունենալուց, նա պետք է սեփական կարծիքը ունենա, պետք է արժեքային համակարգ ունենա, որպեսզի ցանկանա աշխատել, ցույց տալ, ասել: Այդ ամեն ինչը չի լինում նրա համար, որ նա եկել է աշխատավարձ ստանալու, ասենք՝ 9-ից 6-ը աշխատում է, 6-ից հետո՝ ջհանդամ, թե երկիրը չի կործանվում: Այդպես չէ, նա պետք է ապրի այդպես, զգա, պատկերացում ունենա, հետևաբար՝ կարծիք հայտնի: Ես կարող եմ մատներիս վրա հաշվել՝ քանի լրագրող կա, որ ոչ միշտ, գոնե մերթընդմերթ կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ սեփական կարծիքն է հայտնում՝ չվախենալով դրա հետևանքներից: Նման կայացած լրագրողներ, որոնց կարծիքի հետ նաև հասարակությունն ու լրագրողական դաշտն են հաշվի նստում, ցավոք երկու, երեք, չորսն են: Մնացածը կա՛մ այդ օրը մտնում են ջրի հատակը, որպեսզի անցնի վտանգը, կա՛մ փորձում են քծնել անուղղակի ձևով իշխանությանը՝ դիվիդենտներ ստանալու համար: Ես, օրինակ, ողջունում եմ այն լրագրողներին, ովքեր գտնում են, որ իշխանության կուրսը լավն է, հիմնավորում են, պատրաստ են բանավեճի: Սա նույնպես հրապարակախոսության թեմա է, բայց երբ դա անում ես անուղղակի, դա լրագրություն չէ, այլ ցավոք՝ մեր անճաշակ հասարակությունում աշխատող փիար, որը, ինչպես սերիալները, երկար կյանք չի ունենա:

— Հաճախ է խոսվում նախագահականից հեռուստաեթերի և առհասարակ արդեն ինտերնետային կայքերի վերահսկման մասին: Դուք, լինելով հեռուստաընկերության և հեռուստաեթերի մարդ, որքանո՞վ եք Ձեզ վրա զգում Բաղրամյան 26-ի գրաքննությունը: Կա՞ նման բան:

— Ես չեմ կարող բոլորի տեղը ասել: Ես պետք է ասեմ, որ մեզ վրա ոչ մի գրաքննություն չկա, անկեղծ: Դա՝ մեկ: Երկրորդ՝ ես այսպես եմ մտածում, որ նախագահի ինստիտուտը (բոլորը, չգիտես ինչու, խոսում են Բաղրամյան 26-ի մասին), մեր երկրում ամենահզոր քաղաքական լծակ ունեցող ինստիտուտն է, և նա չի կարող ուղղակի իրեն հեռու պահել, չեմ ասում՝ ճնշումից, համագործակցությունից: Այստեղ արտաքին քաղաքական խնդիրներ կան, ռազմական ու ներքաղաքական խնդիրներ կան: Անկեղծ ասենք՝ Միացյալ Նահանգներում էլ, Եվրոպայում էլ այնպես չէ, որ հեռուստաընկերությունները դուռը փակել են և որևէ մեսիջ չեն ստանում, որևէ աշխատանք չեն տանում նախագահականի հետ: Դա աննորմալ կլիներ: Խնդիրը աշխատանքի ձևի մասին է՝ արդյոք դա վարչահրամայակա՞ն է, թե՞ փոխադարձ հարգանքով:

— Ինտերնետային կայքերն էլ վերահսկվում են տարբեր խմբերի կողմից:

— Դա արդեն որակի խնդիր է: Հիմա ես, ենթադրենք, այսինչ-այսինչյանն եմ ու պատվեր եմ տալիս անել այսինչ գործը: Մենք դրա հետ պետք է նաև ճաշակ ունենանք, այսինքն՝ ես ի՞նչ եմ պատվեր տվել. պատվեր եմ տվել քննադատել իքս կուսակցությանը: Իսկ դու ոնց ես անում: Կա մի լրագրող, որը ապուշություններ է գրում ինչ-որ կուսակցության մասին, ինձ էլ դուր է գալիս՝ որպես պատվիրատու: Գրում է ոչ կոռեկտ, գրում է հիմար, գրում է սուտ: Այդ լրագրողը ինչ ձև գրում է, իրականում նա հենց այդ լրագրողն է: Եթե ես նրա պատվիրատուն եմ, և ինձ դուր է գալիս, ուրեմն ես եմ այդպես՝ ես ոչ կոռեկտ եմ, ես ստախոս եմ: Եվ սա կամաց-կամաց հասկացվելու է:

Օրինակ՝ մեր հեռուստաընկերության մասին գիտեք՝ «Բարգավաճ Հայաստան»-«Կենտրոն» հեռուստատեսություն: Այնտեղ տեղ չկա՞ քննադատելու: Շատ տեղ կա: Բայց դու երբ նայում ես «Բարգավաճ Հայաստանի» վրա մասնագիտացած որոշ լրագրողների քննադատությանը, հասկանում ես, որ այդ մարդիկ քննադատելու ոչ մի ցանկություն չունեն: Նրանք ցանկություն ունեն սևացնելու, հայհոյելու, կռիվ անելու, հարվածելու: Դա քննադատության հետ բացարձակ կապ չունի: Ես վստահ եմ՝ ցանկացած ուժի համար, որը ցանկանում է ինչ-որ լավ բան անել Հանրապետականի համար, «Օրինաց երկրի» համար, ՀԱԿ-ի, Դաշնակցության կամ «Բարգավաճի» համար, ճիշտ քննադատությունն օգնություն է այն մարդկանց, որոնք ներսում ցանկանում են ինչ-որ բան փոխել: Նրանք դրա կարիքն ունեն, նրանք պետք է դա վերցնեն ու ասեն՝ տեսեք արդեն հասարակությունն էլ է տեսնում այս խնդիրները:

Զրուցել է Արփի Մախսուդյանը

Հարցազրույցը դիտեք այստեղ:

Մեկնաբանել