Հունական ողբերգության դասերը

Ի՞նչ կարող էր անել Հունաստանը, և ի՞նչ՝ նրա միջազգային դոնորները, որպեսզի ճգնաժամի ազդեցությունը չլիներ այնպիսին, ինչպիսին եղավ Հունաստանի դեպքում: Կալիֆոռնիայի համալսարանի (Բերքլի) տնտեսագիտության և քաղաքագիտության պրոֆեսոր Բարի Էյչենգրինը (Barry Eichengreen) Project Syndicate-ում հրապարակված հոդվածում թվարկում է քայլերը, որ պետք է արվեր հունական ճգնաժամի նման դրսևորումից խուսափելու համար:

Աթենք – Այցելությունը Հունաստան բազմաթիվ վառ տպավորություններ է թողնում: Իհարկե, դա երկրի հարուստ պատմությունն է, հնագիտական վայրերի առատությունը, կապույտ երկինքը և բյուրեղյա ծովերը: Այդ տպավորություններից է նաև այն մեծ ճնշումը, որի պայմաններում Հունաստանի հասարակությունը ներկայում ապրում է, և արտակարգ այն խիզախությունը, որով սովորական քաղաքացիները պայքարում են տնտեսական ճգնաժամի դեմ:

Այցը Հունաստան անխուսափելիորեն նաև հարցեր է առաջացնում: Մասնավորապես՝ ի՞նչը այլ ձևով պետք է անեին քաղաքական այրերը երկրի ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարում:

Տնտեսական քաղաքականության հիմնական սխալները նրանք էին, որոնք կատարվեցին ճգնաժամի սկզբին: 2010թ. առաջին կեսին, երբ Հունաստանը կորցրեց մատչումը ֆինանսական շուկաներին, արդեն պարզ էր, որ պետական պարտքի մակարդակն անկառավարելի է: Երկրի սուվերեն պարտքը անհապաղ պետք է վերակառուցվեր:

Եթե Հունաստանը կարողանար երկու երրորդով դուրս գրել իր պարտքը, նա կկարողանար խուսափել ավերիչ պարտքի ազդեցությունը առկախելուց: Նա կարող էր բանկերի վերակապիտալացում իրականացնել՝ օգտագործելով տոկոսներից ստացված խնայողությունների մի մասը: Նա կարող էր կրճատել հարկերը՝ դրանք բարձրացնելու փոխարեն: Նա կարող էր խթան հաղորդել ներդրումներին և թույլ տար, որ տնտեսությունը կրկին առաջ գնա՝ եթե ոչ ամիսների ընթացքում, ապա գոնե մեկ տարուց քիչ ժամանակում:

Ճգնաժամի իր պաշտոնական մահախոսականում Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) այժմ արդեն համաձայն է, որ պարտքի վերակառուցումը պետք է ավելի վաղ իրականացվեր: Սակայն այն ժամանակ ԱՄՀ-ն այդ կարծիքին չէր: Դոմինիկ Ստրոս-Կանի ղեկավարությամբ՝ ԱՄՀ-ն դարձել էր Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների գերին, որոնք անդրդվելիորեն ընդդիմանում էին Հունաստանի պարտքի թեթևացմանը:

Եվրոպական հանձնաժողովը, իր հերթին, չընդունեց, որ ԱՄՀ-ն մեղավոր է: Զբաղված լինելով ֆրանսիական և գերմանական բանկերի վիճակով՝ այն շարունակում է պնդել, որ պարտքի վերակառուցման հետաձգումը ճիշտ որոշում էր: Այն չի զղջում Հունաստանին գայլերի բերանը գցելու համար:

Այսպիսի ընդդիմության պայմաններում Հունաստանի կառավարությունը ստիպված պետք է լիներ գործելու միակողմանիորեն: Հետահայաց երևում է, որ իշխանությունները հենց այդպես էլ անելու էին: Առերեսվելով օտարերկրյա ընդդիմությանը՝ կառավարությունը պարտքը վերակառուցելու մասին պետք է հայտարարեր որպես կատարված փաստ:

Ակնհայտ է, որ ռիսկեր էին լինելու: Տրոյկան՝ ԱՄՀ-ն, Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ), կարող էին հրաժարվել Հունաստանին օգնության փաթեթ տրամադրելուց՝ նրան ստիպելով է՛լ ավելի սահմանափակել ներկրումները: ԵԿԲ-ն կարող էր կտրել իրացվելիության անհապաղ աջակցությունը՝ կառավարությանը հարկադրելով վերահսկողություն սահմանել կապիտալի նկատմամբ և նույնիսկ քննարկել եվրոյից հրաժարվելը:

Սակայն նախազգուշավոր աշխատելով՝ Հունաստանի ղեկավարները կարող էին հիմք ստեղծել երկխոսության համար: Նրանք իրենց ԵՄ գործընկերներին կարող էին ասել. «Նայե՛ք, մենք այլ ելք չունենք, քան վերակառուցել ակնհայտորեն անկայուն պարտքը: Սակայն մի՛ սխալվեք՝ մեր նախապատվությունն է մնալ եվրոգոտում: Մենք հավատարիմ ենք բարեփոխումներին: Սա հաշվի առնելով՝ չե՞ք կարծում, որ մենք արժանի ենք ձեր աջակցությանը»:

Պետք էին հարկային բարեփոխումներ

Պարտադրական լուծումը Հունաստանից կպահանջեր ամենայն լրջությամբ վերաբերվել բարեփոխումներին: Կառավարությունը կարող էր սկսել նրանից, որ համախմբեր գործատուներին և արհմիություններին բանակցելու բեռը հավասար կիսելու համաձայնության շուրջ, այդ թվում՝ աշխատավարձերի և թոշակների համընդհանուր կրճատման շուրջ՝ դրանով իսկ ցատկ կատարել ներքին դևալվացիայի վրայով: Հաշվի առնելով, որ բոլորն էլ ընդունում էին զոհողությունների անհրաժեշտությունը, հնարավոր կլիներ համաձայնության գալ փակ մասնագիտությունները [պարտքային ճգնաժամը հաղթահարելու Հունաստանի կառավարության կողմից նախանշվող քայլերից մեկն էր առողջապահության, զբոսաշրջության և անշարժ գույքի ոլորտներում մասնագիտությունների բացումը, որոնք նախկինում պաշտպանված էին պետության կողմից, ինչը սահմանափակում էր մրցակցությունը – խմբ.] ազատականացնելու և համապարփակ հարկային բարեփոխումների շուրջ:

Սակայն կառավարությունը, փոխանակ աշխատելու իր սոցիալական գործընկերների հետ՝ անսալով Տրոյկայի խորհրդին, քանդեց երկրում կոլեկտիվ համաձայնության գալու համակարգը՝ աշխատավորների շահերը թողնելով չներկայացված: Հունաստանն այդպիսով չունեցավ մի մեխանիզմ, որը թույլ կտար բանակցելու աշխատավարձերը, թոշակները և այլ պարտավորությունները հավասար կերպով կրճատելու սոցիալական պակտի շուրջ: Պայմաններում, երբ յուրաքանչյուր ազդեցիկ շրջանակ պայքարում էր սեփական շահերի համար, անհնար եղավ բացել փակ մասնագիտությունները: Կասկածելով, որ հնարավոր է ընդհանուր զոհողության հասնելը՝ այս նույն խմբերը չկարողացան համաձայնության գալ խելամիտ հարկային բարեփոխումների շուրջ:

Պայմաններում, երբ Հունաստանի կառավարությունը փաստորեն չի կարողանում ստիպել կառուցվածքային բարեփոխումների շուրջ համաձայնության գալ, այն ի վիճակի չէր շահելու վարկատուների վստահությունը, իսկ Տրոյկան, թերահավատ լինելով, որ Հունաստանի կառավարությունը հավատարիմ է բարեփոխումներին, իր աջակցության համար որպես գին պահանջեց անցնել նախնական խնայողության: Նախնական այդ խնայողությունները և կառավարության ծախսերի կրճատումը տնտեսությունը տարավ խոր ռեցեսիայի՝ զավեշտալի դարձնելով այն պնդումները, որ պետական պարտքը կայուն է, և հարկադրելով, որ այն անխուսափելիորեն վերակառուցվի երկու հավելյալ ծանրագույն տարիներ անց:

Հունաստանն այժմ փորձում է ստեղծված բարդ իրավիճակից առավելագույնը քաղել: Նա փորձում է շունչ հաղորդել կառուցվածքային բարեփոխումների արշավին: Այն լոբբինգ է անում Տրոյկայի մոտ պարտքի հետագա թեթևացման համար: Սակայն հասցված վնասն այնքան հեշտ չէ վերականգնել: Անցյալի սխալները, որ ոչ միայն Հունաստանն է թույլ տվել, այլ նաև նրա միջազգային գործընկերները, կարճաճամկետ հեռանկարում բարդություններն անխուսափելի են դարձնում:

Այլ պետությունների համար կարևոր է ճիշտ դասեր քաղելը: Եթե նրանք քաղեն այդ դասերը, ապա Հունաստանի խիզախ քաղաքացիները գոնե կմխիթարվեն, որ ինչ-որ այլ տեղում շատ մարդիկ խուսափել են անհարկի զոհաբերություններից:

Մեկնաբանել