Թուրքիայում ակտիվիստները քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը

Հուլիսի 6-ին Ստամբուլում «Ոչ ասենք ռասիզմին ու ազգայնամոլությանը» խմբի նախաձեռնությամբ «1915-2015. Հայոց ցեղասպանության տարելիցի գործողությունների ծրագիր» անվամբ սեմինար քննարկում է կազմակերպվել, հաղորդում է «Ակօսը»:

Խումբը, որ վերջին տարիներին` ապրիլի 24-ին, Թուրքիայում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ է կազմակերպում, քննարկել է, թե ինչ գործողություններ պետք է կատարել 2015թ. ընդառաջ և ինչպես նպաստել ճանաչման գործընթացին: Հայոց ցեղասպանության հարցն օրակարգում պահելու, թուրքական հասարակությանը Հայոց ցեղասպանության խնդրին ծանոթացնելու համար որոշվել է կատարել հետևյալ քայլերը` տաղավարներ տեղադրել, իրականացնել ստորագրահավաք, կազմակերպել ցուցահանդեսներ, սեմինարներ, ստեղծել պաշտոնական կայք:

Այս որոշումներից բացի` մասնակիցներն առաջարկել են մեծապես օգտագործել սոցիալական ցանցերը, գործողություններ իրականացնել ամբողջ Թուրքիայի տարածքում, կատարված աշխատանքների մասին տեղեկացնել համաշխարհային հանրությանը, փոխել կամ վերականգնել փողոցներ անունները, օրինագիծ պատրաստել և ներկայացնել մեջլիսին:

Մեկնաբանել