Արմեն Մովսիսյանը գազի գնից մանրամասներ է խոստացել

Հայաստան առաքվող ռուսական գազի $270/1000 խմ գնի 30%-ի սուբսիդավորման գործընթացից կառավարությունը նորություններ չունի։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոսքով՝ բանակցություններն ավարտական փուլում են, մանրամասները կներկայացվեն մի քանի օրից։ Եվ սա այն դեպքում, երբ ներկայում «ՀայՌուսգազարդը» վերջնական սպառողներին գազն իրացնում է մի սակագնով, որի հիմքում արդեն իսկ դրված է կառավարության կողմից գնի սուբսիդավորման պարտավորվածությունը։

Լրագրողների հետ զրույցում հուլիսի 10-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խուսափեց պատասխանել հարցին, թե գազի գնի սուբսիդավորումն իրականացվելու է դրամաշնորհային միջոցներով, թե «Գազպրոմին» է փոխանցվելու «ՀայՌուսգազարդում» կառավարության 20% մասնաբաժինը։ «Բանակցությունները կավարտենք, կներկայացվեն մանրամասներ»,– ասաց նախարարը։

Արմեն Մովսիսյանի խուսափողական պատասխանները նորություն չեն։ Նախարարը ինչպես անցած, այնպես էլ այս տարվա ընթացքում Հայաստան առաքվող ռուսական գազի գնի վերաբերյալ հարցին պատասխանելիս մշտապես վկայակոչել է բանակցությունները՝ դրանք շարունակվում են, մանրամասները կներկայացվեն ավարտից հետո։

Սուբսիդավորման հարցում անորոշությունը տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ վերջնական սպառողների համար գազի սակագինը բարձրացել է հուլիսի 7-ից. բնակչության համար 1 խմ-ի հաշվով 18%-ով՝ մինչև Դ156, խոշոր գազասպառողների համար՝ 14%-ով՝ մինչև $276,98/1000 խմ։ Սակագները հաշվարկելիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հիմք է ընդունել վարչապետ Տիգրան Սարգսյանի նամակը, ըստ որի՝ կառավարությունը սահմանին սուբսիդավորելու է ռուսական գազի $270/1000 խմ գնի 30%-ը ($81)։ Արդյունքում սակագների հիմքում փաստացի դրվել է $189/1000 խմ գինը։

Կառավարությունը վերջնական սպառողների համար խոստացել է մեղմել գազի գնի բարձրացումը՝ ըստ էության չունենալով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ (մոտավոր հաշվարկներով մինչև 2014թ. հուլիս գործադիրին այս նպատակի համար անհրաժեշտ կլինի $150 մլն)։

Մինչ այս հայկական կողմը չի բացառել հնարավորությունը, որ գազի գինը սուբսիդավորելու համար Ռուսաստանը կարող է Հայաստանին դրամաշնորհ հատկացնել։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպմանը վերաբերող Հայաստանի կառավարության հուլիսի 1-ի հաղորդագրությունում նշված է. «Կողմերն անդրադարձել են նաև գազի գնի 30% սուբսիդավորմանը, մասնավորապես թե ինչ սկզբունքների ներքո պետք է այն գործի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն կիրառել գրանտային բաղադրիչի տեսքով, ինչի շուրջ բանակցությունները դեռևս կշարունակվեն»։

Ստացվում է, որ «ՀայՌուսգազարդը» այսօր գազն իրացնում է՝ չիմանալով, թե 1000 խմ-ի հաշվով $81-ը ինչպես և երբ է վճարվելու։

Ձեռք բերված ռուսական գազի դիմաց վճարումները «Գազպրոմին» կատարվում են 60 օրվա ընթացքում։ Ամռանը ամսական կտրվածքով ընկերությունը ներկրում է մոտ 120 մլն խմ գազ, ինչը նշանակում է, որ հուլիսի համար ռուսական կողմին «ՀայՌուսգազարդը» պետք է վճարի ընդհանուր առմամբ $32,4 մլն, որից $9,7 մլն-ը կառավարության կողմից խոստացված սուբսիդավորվող 30%-ն է։ Թեև վճարումների ժամանակացույցը «ՀայՌուսգազարդին» ճկունության հնարավորություն դեռ ընձեռում է, սակայն այն չի կարող անվերջ հետաձգել սուբսիդավորման հարցում վերջնական որոշումը։

Բացի այդ՝ ապրիլի 1-ից «ՀայՌուսգազարդը» 1000 խմ ռուսական գազը փաստացի ձեռք է բերել $270-ով, այնինչ վերջնական սպառողներին մինչև հուլիսի 7-ը իրացրել է մի սակագնով, որի հիմքում դրված է $180 գինը։ Միայն երկրորդ եռամսյակի կտրվածքով ձեռքբերման և իրացման գնի $90/1000 խմ տարբերության հաշվին «ՀայՌուսգազարդի» վնասները կարող են կազմել $45 մլն։ Պարզ չէ նաև, թե վնասը փոխհատուցելու է կառավարությո՞ւնը, թե՞ ընկերությունը։ 

Մեկնաբանել