ԵՄ խորհրդատվական խումբը վերահաստատում է ՀՀ բարեփոխումներին օժանդակելու մտադրությունը

2013թ. հուլիսի 12-ին ԵՄ խորհրդատվական խումբը հրավիրել է Խորհրդատվական խորհրդի տասներեքերորդ նիստը, որը համանախագահել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, հաղորդում են ԵՄ խորհրդատվական խմբի մամուլի ծառայությունից:

Խումբը ներկայացրել է իր կիսամյակային հաշվետվությունը (2013թ. հունվար-հունիս ամիսների), ինչպես նաև հաջորդ կիսամյակի կարիքների գնահատման փաստատթուղթը և աշխատանքային ծրագիրը: Խորհուրդը քննարկել է Խորհրդատվական խմբի հունվարից հունիս իրականացված աշխատանքները և նշել բարեփոխումների առաջընթացի մասին:

Խորհուրդը նաև ընդհանուր առմամբ դրական է գնահատել 2013թ. մինչև այժմ իրականացված աշխատանքները: «Այս ծրագրով մենք փորձում ենք ցուցաբերել արդյունքներին ուղղված մոտեցում Հայաստանի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը` խրախուսելով միասնական գործողությունը»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան` հավելելով, թե ԵՄ խորհրդատվական խումբը տրամադրում է ռազմավարական քաղաքականության հարցերով խորհրդատվություն` ԵՄ փորձառության և կիրառվող պրակտիկայի հիման վրա:

Հաղորդագրության համաձայն` շարունակվել է օժանդակությունը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱՀ) շուրջ բանակցությունների ուղղությամբ: Նշված աշխատանքների շրջանակում են եղել օժանդակությունը Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև քննարկումների մի քանի փուլերին:

Արդյունքում ավարտին են մոտենում առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին գլխի քննարկումները: Կիսամյակային հաշվետվության մեջ նշվել է, որ ի թիվս այլ ուղղությունների, Խորհրդատվական խումբն օժանդակություն է տրամադրել շուկայի վերահսկողության օրենսդրության ուղղությամբ, ինչպես նաև իր ներդրումն է ունեցել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության դրույթները Քրեական օրենսգրքում ներառելու աշխատանքներում:

Խորհուրդը նշել է Խորհրդատվական խմբի շարունակական աջակցության մասին սննդամթերքի անվտանգության օրենսդրության, մարդու իրավունքների պաշտպանության և «Խտրականության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի մշակման աշխատանքներում:

Խորհրդին ներկայացվել է 2013թ. Կարիքների գնահատման հաշվետվությունը, որտեղ հստակ ներկայացված են հույժ կարևոր խնդիրները և դրանց արձագանքման տարբերակները կառավարութան և գործընկեր մարմինների համար: Խորհուրդը նաև հաստատել է հաջորդ վեց ամիսների աշխատանքային ծրագիրը:

Նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ նախագահի գրասենյակից, կառավարությունից և Ազգային ժողովից, ներկայացուցիչներ ԵՄ անդամ պետությունների դեսպանատներից և միջազգային կազմակերպություններից, այդ թվում նաև ՄԱԶԾ-ից:

Մեկնաբանել