Պուտինը օգոստոսի 13-ին կայցելի Ադրբեջան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

«Ռուս-ադրբեջանական բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել, առաջին հերթին, երկու պետությունների առևտրա-տնտեսական կապերի ընդլայնման, այդ թվում` վառելիքա-էներգետիկ ոլորտում համագործակցության խորացման հարցեր:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն անդրադառնալու են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի, Կասպից ծովի իրավական ռեժիմի առանցքային հարցերին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

Ավելի վաղ ադրբեջանական SalamNews գործակալությունը հաղորդել էր, թե Պուտինն օգոստոսին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Կայքը գրել էր, թե նախապատեսված է նաև ռուսական պետական ընկերության՝ «Ռոսնեֆտի» և Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի միջև համագործակցության համաձայնագրի ստորագարում, որը, ըստ կայքի, պետք է արագացներ նավթագազային արդյունաբերության ոլորտում նոր համաձայնագրերի ստորագրման բանակցային գործընթացը:

Մեկնաբանել