ԱԳ փոխնախարարն ընդունել է Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Գասերն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանին. հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխնախարար Հովակիմյանը հաջողություն է մաղթել նրան և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Գոհունակությամբ հիշատակվել վերջին տարիներին Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կարևորվել է տարբեր ոլորտներում առկա համագործակցության շարունակական ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել հայ-շվեյցարական համագործակցությանը միջազգային կառույցներում, մասնավորապես` 2014թ. ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի կողմից ստանձնելիք նախագահությանը և այդ շրջանակում փոխգործակցության կարևորությանը:

Կողմերը երկուստեք ընդգծել են մշակույթի բնագավառում կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` այդ նպատակով օգտագործելով նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:

ՀՀ ԱԳ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից 25 տարի ի վեր Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերի համար:

Մեկնաբանել