Անհայտ դիպուկահարները կրակ են բացել Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության մեքենաների վրա

Սիրիական Մադամիա շրջանում ՄԱԿ-ի տեսուչների մեքենաների շարասյան վրա բացված կրակաերթի արդյունքում մեքենաներից մեկը շարքից դուրս է եկել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Sky News-ին:

«Շարասյան առաջին մեքենայի վրա բուֆերային գոտու մերձակայքում մի քանի անգամ կրակ են բացել անհայտ դիպուկահարներ», – գործակալությունը մեջբերում է ՄԱԿ-ի ներկայացուցիչներից մեկի խոսքերը: Զրուցակիցը հավելել է, որ մեքենան այլևս չի կարող շարժվել, և տեսուչները սպասում են նոր մեքենայի ժամանմանը:

Հարձակումը տեղի է ունեցել կառավարական ուժերի և ընդդիմության կողմից վերահսկվող շրջանների միջև՝ բուֆերային գոտում:

Օգոստոսի 26-ին ՄԱԿ-ի տեսուչների խումբը ժամանել է Դամասկոսի Արևելյան Ղուտայի շրջան, որտեղ ենթադրաբար անցյալ շաբաթ քիմիական զենքի կիրառմամբ հարձակում է տեղի ունեցել: Արևելյան Ղուտան գտնվում է ընդդիմության մասնակի վերահսկողության տակ:

Մեկնաբանել