ԱՄՆ-ը շուտով կհրապարակի Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ զեկույց

ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են երկու-երեք օրվա ընթացքում հանրությանը ներկայացնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին վկայող գաղտնազերծված զեկույց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով CBS հեռուստաալիքին:

Ըստ տեղեկատվության աղբյուրների՝ այս թեման քննարկվել է ԱՄՆ-ի նախագահի և նրա վարչակազմի անդամների միջև, որոնք զբաղվում են ազգային անվտանգության հարցերով:

«Օբաման կարգադրել է հրապարակման համար պատրաստել գաղտնազերծված զեկույցը մինչ այն պահը, երբ կսկսվեն ցանկացած ռազմական գործողություններ: Այդ զեկույցը պետք է հրապարակվի առաջիկա օրերին», – հաղորդել է CBS-ը:

Այն մասին, որ Վաշինգտոնը մոտ օրերին կհրապարակի Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ նոր ապացույցներ, օգոստոսի 26-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Օգոստոսի 21-ին մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին Սիրիայում կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի լայնամասշտաբ կիրառման մասին, որի արդյունքում, ըստ ընդդիմության տվյալների, զոհվել են հարյուրավոր մարդիկ:

Օգոստոսի 26-ին ՄԱԿ-ի տեսուչները հետաքննություն անցկացնելու նպատակով այցելել են Դամասկոսի Արևելյան Ղուտայի շրջան, որտեղ ենթադրբար տեղի է ունեցել քիմիական գրոհը:

Մեկնաբանել