Սեպտեմբերի 1-30-ը կրթօջախների հարակից տարածքներում ՃՈ-ն հսկողություն կիրականացնի

Երևանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 2013-2014 թթ. ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում պատշաճ ձևով դիմավորելու նպատակով տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և այդ օրերին երեխաների անվտանգությունն ապահովելու համար պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը: Այդ նպատակով մայրաքաղաքի փողոցներում, մասնավորապես՝ կրթօջախներին հարակից տարածքներում, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի 1-ից 30-ը պետք է հատուկ հսկողություն սահմանենք»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հանձնարարել է մինչև օգոստոսի 30-ն ապահովել տարրական դասարանների աշակերտների անվճար դասագրքերի բաշխումը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև հանրակրթական դպրոցների բուժկետերը համալրել առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով: Քաղաքապետի հանձնարարությամբ՝ կձեռնարկվեն քայլեր նաև դպրոցներում անխափան ջրամատակարարում և էլեկտրամատակարարում ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանել