Արգենտինայի և Հայաստանի միջև չօգտագործված հսկայական ներուժ կա. ՀՀ դեսպան

Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը օգոստոսի 27-ին հանդիպել է Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ, հաղորդում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր։

Արգենտինայի փոխնախագահն իր տպավորությունները կիսել է ընթացիկ տարվա ապրիլին՝ ՀՀ նախագահի երդմնակալության առիթով Հայաստան կատարած այցելությունից։ Ամադո Բուդուն բարձր գնահատել է ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի հետ ունեցած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները։

Մեծապես կարևորելով Արգենտինայի փոխնախագահի այցելությունը՝ դեսպան Մելիքյանը նշել է, որ այն նոր ճանապարհ հարթեց երկու երկրների միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և առավել խորացման համար։ Ըստ դեսպանի` այցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ առկա է չօգտագործված հսկայական ներուժ, որի կյանքի կոչման համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները։

Առանձնակի դրվատանքով խոսելով արգենտինահայ համայնքի մասին՝ փոխնախագահ Բուդուն նշել է, որ այն իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների խորացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև առևտրատնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության ակտիվացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերին:

Մեկնաբանել