Քաղաքական ուժերը՝ խորհրդարանական համակարգի անցնելու մասին

ՀՀԿ-ն հրապարակ է իջեցնում արհեստական և շինծու թեմա. Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգի արատները կապ չունեն կառավարման համակարգի հետ. ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսպես արձագանքեց օրեր առաջ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին արած հայտարարությանը: Հարությունյանը հայտարարել էր, որ «Հայաստանի իշխանությունները քննարկումներ են սկսել երկրի Սահմանադրության փոփոխության շուրջ, և չի բացառվում, որ քննարկումների արդյունքում Հանրապետականում որոշում կայացվի՝ առաջարկել անցում կատարել խորհրդարանական հանրապետության»: Նա նաև ասել էր, թե 2005թ. ընդունված Սահմանադրության ոչ բոլոր լուծումներն են այսօր բավարար, և ժամանակն է անդրադառնալ Սահմանադրությանը:

Այս հայտարարությանն ի պատասխան՝ Լևոն Զուրաբյանը Սիվիլնեթին ասաց. «Աշխարհի փորձը ցույց է տվել, որ այն երկրները, որտեղ իշխանությունները հետևում են օրենքի տառին և ոգուն, անկախ իրենց կառավարման համակարգից, զարգացած և ժողովրդավար են և՝ հակառակը»: Զուրաբյանի խոսքով՝ ներքաղաքական և տնտեսական համակարգի արատները բացատրել կառավարման համակարգով «ոչ այլ ինչ է, քան իշխանություների կողմից պատասխանատվությունից խուսափում»:

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգի նպատակահարմարությանը, նշեց, որ իրենց կուսակցությունը նախընտրական ծրագրով, այնուհետև նաև ԱԺ ամբիոնից բազմիցս խոսել է հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտության մասին: «Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման կարգին, ապա եթե այն իրականացվելու է տրամաբանական ճանապարհով, եթե դրա արդյունքում ապահովվելու է պետական կառավարման ավելի նպաստավոր և քաղաքացու համար ավելի ձեռնտու կարգ, ապա մենք կողմ ենք, և որպես առաջին քայլ առաջարկում ենք անցումը համամասնական ընտրակագին: Եթե որևէ փոփոխություն պետական կառավարման համակարգում կարող է ուղղված լինել ինչ-որ անձի, կոնկրետ անհատի կամ քաղաքական ուժի շահերի սպասարկմանը, ապա որևէ ողջամիտ անձ կամ կուսակցություն այն ողջունել չի կարող»,- ասաց Ուրիխանյանը:

ԱԺ պատգամավոր և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն այս գործընթացը նախաձեռնել է իր վերարտադրությունն ապահովելու համար: «Այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրը արտագաղթն է և սոցիալական ճգնաժամը, որի պատճառը, հավատացե՛ք, Սահմանադրությունը չէ>>,- ասաց Քոքոբելյանը՝ հավելելով, որ իրենք սկզբունքորեն կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին, սակայն «այսօր Հայաստանի լրջագույն խնդիրը ոչ թե համակարգն է, այլ չգործող օրենքները»:

1995թ. ընդունված Սահմանադրությամբ՝ Հայաստանը անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի: 2005թ. սահմանադրական փոփոխություններով մեծացվեց վարչապետի և կառավարության դերը:

2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների կողմից լայնորեն քննարկվում էր 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի և կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու հարցը:

Արփի Մախսուդյան

Մեկնաբանել