Վրաստանի պարեկային ոստիկանության դեպարտամենտի պատվիրակությունը՝ Հայաստանում

Օգոստոսի 27-ին Հայաստան է այցելել Վրաստանի պարեկային ոստիկանության դեպարտամենտի պատվիրակությունը՝ նույն դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լևան Մաչավարիանիի գլխավորությամբ, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Այցի վերաբերյալ նախապես համաձայնություն էր ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլու հանդիպման ընթացքում: Նպատակը` երկու երկրների ոստիկանական կառույցների գործընկերության հետագա սերտացումն է, երկու կողմի հաջողված փորձի փոխանակումը:

Հայ ոստիկաններին հետաքրքրել էր Վրաստանի պարեկային ոստիկանության մոդելը, իսկ վրացական կողմին՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության կառուցվածքում ստեղծված նոր ստորաբաժանման` հատուկ գումարտակի գործունեությունը:

Ոստիկանության ղեկավարության հետ մի շարք հանդիպումներից հետո վրացական պատվիրակության անդամները այցելել են Պարեկապահակետային գունդ:

Փորձի ստորաբաժանման կառուցվածքին, անձնակազմի ընտրության չափորոշիչներին, փոխանակման շրջանակում վրաց գործընկերները հանդիպել են պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակի ղեկավար կազմի ու ծառայողների հետ, ծանոթացան ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, աշխատանքի նորագույն եղանակներին:

Լևան Մաչավարիանին և նրան ուղեկցող անձինք այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ հանդիպում են ունեցել վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի հետ: Ապա ծանոթացան «102» օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքին: Վրաստանի ՆԳ նախարարության կառուցվածքում գործող համանման կենտրոնը հայ և վրաց իրավապահներին թույլ են տվել որոշակի զուգահեռներ տանել և քննարկել այս ոլորտում ևս փոխգործակցության խորացման հնարավորությունները:

Գործնական ու արդյունավետ է եղել նաև հանդիպումը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում:

Այցի շրջանակում Վրաստանի ՆԳՆ պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդում ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ու եղան Ցեղասպանության թանգարանում, Մատենադարանում, հյուրընկալվեցին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում:

Մեկնաբանել