Քաղաքական իմպոտենցիա

Երկու ամիս առաջ երկու սյունակ գրեցի («Մտավախություններ՝ Վիլնյուսից առաջ», «Մտավախություններ Վիլնյուսից առաջ – 2») մտահոգություն հայտնելով, որ Հայաստանը կարող է շեղվել եվրոպական ինտեգրացիայի ուղուց:

Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը փաստեց, որ Հայաստանն իսկապես շեղվեց եվրոպական ուղուց՝ դեպի Ռուսաստան:

Կարելի է մի շարք փաստարկներ բերել, որոնք ստիպեցին Սերժ Սարգսյանին 180 աստիճանով փոխել քաղաքական կուրսը և փաստորեն ջուրը գցել Եվրոպական Միության հետ չորս տարվա աշխատանքը, երբ Ասոցացման և Ազատ առևտրի մասին համաձայնագրերը ստորագրելուն այլևս գրեթե ոչինչ չէր խանգարում: Կարելի է, իհարկե, նաև մի շարք փաստարկներ բերել հօգուտ այս կամ այն միությանը կամ դաշինքին միանալու առավելությունների և թերությունների մասին:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Հայաստանում փաստացի հանրային քննարկում չեղավ այս թեմաների շուրջ, ավելին՝ այդ քննարկումը չեղավ նաև քաղաքական ուժերի մակարդակում: Իսկ Հայաստանի պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետը, ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում հստակ բացառում էին Մաքսային միությանը միանալու հնարավորությունը:

Ինքը՝ Սերժ Սարգսյանը, որևէ անգամ չէր խոսել կամ ակնարկել Մաքսային միությանը միանալու իր մտադրության մասին: Նրա կողմից անկյունաքարային նման որոշման ընդունումը՝ առանց հայաստանցիներին և հայ ժողովրդին տեղյակ պահելու, նման է անվերապահ կապիտուլյացիայի և ժողովրդին խաբելու:

Կրկնեմ՝ խնդիրը բոլորովին էլ Մաքսային միությանը միանալու լավ կամ վատ լինելը չէ: Խնդիրն այն է, որ երկրի ղեկավարը նման շրջադարձային որոշման մասին պարտավոր էր առնվազն նախապես տեղյակ պահել իր ժողովրդին և ընտրողին (թեև «ընտրողն» այստեղ հարաբերական հասկացություն է):