Հայաստանը դավաճանեց ԵՄ-ին․ Wall Street Journal

Եվրոպացի դիվանագետներն այս շաբաթ ապշեցին այն լուրից, որ Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման ձգտող Հայաստանը դրա փոխարեն կմիանա Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը, գրում է ամերիկյան Wall Street Journal թերթը։

Ինչպես նշում են հոդվածագրեր Նաֆթալի Բենդավիդն ու Լորենս Նորմանը, սա կարող է նպաստել տարածաշրջանում ազդեցության համար Բրյուսելի նկատմամբ Կրեմլի հաղթանակին։

«Այժմ հարցն այն է՝ կհետևե՞ն արդյոք նախկին խորհրդային մյուս հանրապետությունները Հայաստանի օրինակին»,- գրում են հոդվածի հեղինակները։

Ենթադրվում էր, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնախաստորագրի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին։ Սակայն եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ Մաքսային միության երկրները չեն կարող ինտեգրվել ԵՄ-ին, քանի որ ըստ էության՝ Ռուսաստանին են զիջում իրենց սուվերենությունը առևտրային հարցերում։

Բրյուսելում գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի քաղաքականության կտրուկ փոփոխությունը պայմանավորված է Մոսկվայի ջանքերով, որոնց շնորհիվ ԵՄ-ի հետ մերձեցումը Հայաստանին կարող է թանկ արժենալ։ Ռուսաստանն ունի ճնշում գործադրելու հզոր լծակ, քանի որ բնական գազի մատակարար է և կարող է սահմանել վառելիքի գները։

«Հայաստանի վրա գործադրվող ճնշման մասին հայտնի էր, և այդ առումով սա զարմանալի չէ,- ասում է Լեհաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին։ – Սակայն զարմացնում է այն փաստը, որ ճնշումը հաջողությամբ պսակվեց, ու Հայաստանին, եթե ցանկանաք, ուժով ստիպեցին փոխել իր որոշումը, և մենք խորապես ցավում ենք այդ կապակցությամբ»։

Հայաստանի որոշումը կարող է խնդիրներ նշանակել ԵՄ-ի հետ մերձեցման հնարավորություն դիտարկող մյուս պետությունների համար։ Մասնավորապես՝ Ուկրաինան պետք է ԵՄ-ի հետ երկար սպասված ասոցացման համաձայնագիրը ստորագրի նոյեմբերի գագաթաժողովին, իսկ Մոլդովան ու Վրաստանը՝ նախաստորագրեն այդպիսի համաձայնագրեր։

«Մտահոգիչն ընդհանուր համատեքստն է,- ասում է Սարիուշ-Վոլսկին։ – Այս ճնշումը վերաբերում է ասոցացման ճանապարհին գտնվող բոլոր չորս երկրներին (ներառյալ Հայաստանը)։ Սա ավելի լայն պատկերի մի մասն է, և վախը կարող է դոմինոյի էֆեկտ առաջացնել»։

Մեկնաբանել