Թուրքիայի բնակիչների 72%-ը կողմ է Սիրիայի դեմ պատերազմին. հարցում

Թուրքական Objective Research Center (ORC) հետազոտական կենտրոնը օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում սոցհարցում է իրականացրել` պարզելու, թե արդյոք Թուրքիայի բնակչությունը կողմ է Սիրիայում ծրագրվող ռազմական միջամտությանը, հաղորդում է Haberler.com թուրքական կայքը: Թուրքիայի 32 նահանգներում իրականացված հարցմանը մասնակցել է 3,1 հազ. մարդ:

ORC-ի հարցման արդյունքների համաձայն` Թուրքիայի բնակիչների 71,8%-ը կողմ է Սիրայի դեմ պատերազմ սկսելուն, 21%-ը` դեմ:

Հատկանշական է, որ հետազոտական կենտրոնի հարցը ձևակերպված է հետևյալ կերպ. «Կո՞ղմ եք արդյոք Բաշար ալ Ասադի իրականացրած կոտորածներին վերջ տալուն ուղղված գործողություններին»: Այն, որ հարցի ձևակերպումն օբյեկտիվ չէ, մատնանշել են նաև Թուրքիայի քաղաքացիները, ինչը պարզ է դառնում սոցցանցերում նրանց կատարած գրառումներից:

Սիրիայում ռազմական միջամտությանը Թուրքիայի մասնակցությանը դեմ են արտահայտվում ինչպես ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, այնպես էլ բազմաթիվ կազմակերպություններ և հասարակական լայն շրջանակներ:

Մեկնաբանել