Ադրբեջանը չեղյալ է հայտարարել ԱՄՆ պատվիրակության նախընտրական այցը Բաքու

ԱՄՆ պատվիրակության այցը Ադրբեջան, որ նախատեսված էր այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հետաձգվել է, հաղորդում է ադրբեջանական Contact.az-ը՝ վկայակոչելով Բաքվում ԱՄՆ դեպանության հաղորդագրությունը:

Դեսպանտանից տեղեկացրել են, որ Ադրբեջանի կառավարությունը ցանկացել է հետաձգել այս այցը մինչ նախագահական ընտրությունների ավարտը՝ ափսոսանք հայտնելով, որ պատվիրակության՝ նախընտրական իրավիճակին ծանոթանալու նպատակով այցը չի կայանա:

Պատվիրակությունը պետք է ղեկավարեր ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով օգնականի տեղակալ Թոմաս Մելիան: Հաղորդվում  էր, որ ԱՄՆ պատվիրակությունը առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ պետք է այցելի Վրաստան, որտեղ պետք է հանդիպի ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, և այնտեղից պետք է մեկնեն Բաքու:

ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «ԱՄՆ դեսպանատունը շարունակում է ամենայն ուշադրությամբ հետևել  նախընտրական իրադրությունը և կոչ է անում անցկացնել ազատ, արդար ընտրական գործընթաց, որը կարտահայտի ժողովրդի կամքը»: