Դանիացի խորհրդարանականներն ու լրագրողներն Արցախում են

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած դանիացի խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը, հաղորդում են ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը երկու պետությունների միջև կապերի հաստատման և խորացման առումով։

Կարեն Միրզոյանը նշել է, որ անմիջական շփումը քաղաքական գործիչների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ պայմաններ են ստեղծում Դանիայի հանրության մոտ ԼՂՀ-ի և նրանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում ձևավորելու գործում։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է հյուրերին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և պատասխանել է հակամարտության կարգավորման, ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարներին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող բազմաթիվ հարցերին: