Հայ-չինական տնտեսական հարաբերություններում դեռ անելիքներ ունենք. Տ. Սարգսյան

Աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Դալիանի քաղաքապետ Լի Վանցայի հետ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Լի Վանցայը հույս է հայտնել, որ Տիգրան Սարգսյանի այցը Չինաստան կխթանի հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և կբացի համագործակցության նոր հեռանկարներ:

Տիգրան Սարգսյանն էլ շնորհակալություն է հայտնել Դալիանի քաղաքապետին ջերմ ընդունելության համար: «Մեր երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում, և մենք չունենք որևէ խնդիր: Սակայն տնտեսական հարաբերություններում դեռ անելիքներ ունենք: Առկա են մեծ հնարավորություններ և ներուժ` տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության և զբոսաշրջության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը Դալիանի քաղաքապետին հրավիրել է Հայաստան, ինչպես նաև հույս հայտնել, որ Դալիանը կարող է համագործակցության ծրագրեր մշակել Գյումրի քաղաքի հետ, որտեղ ՏՏ ոլորտը զգալի հաջողություններ է գրանցում:

Մեկնաբանել