Քիմիական զենքի կիրառումն արժանի է խստագույն պատժի. Դավութօղլու

Քիմիական զենքի կիրառումը պետք է ստանա միջազգային խիստ արձագանք` օրենքի շրջանակներում, ասել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` ընդգծելով, որ Թուրքիան չի հանդուրժի քիմիական զենքի տեղաբաշխում կամ կիրառում, հաղորդում է Today’s Zaman-ը:

Թուրքիայի արտգործնախարարը սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ողջունել է Սիրիայի քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանելու մասին Ռուսաստանի առաջարկը, միևնույն ժամանակ նշել է, որ քիմիական զենքի կիրառման նախկին դեպքերը չպետք է անպատիժ մնան: Դավութօղլուն միջազգային հանրությունից պահանջել է քայլեր ձեռնարկել Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 100 հազ. մարդ:

Այս շաբաթ Սիրիայում իրավիճակին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Վերջինիս խոսքով` քիմիական զենքի փոխանցումը միջազգային վերահսկողության տակ չպետք է լինի զուտ մարտավարական քայլ երկրում տասնյակ հազարավոր զոհերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար:

Խոսելով Սիրիայում ԱՄՆ գլխավորությամբ ռազմական միջամտության հավանականության մասին` Դավութօղլուն ասել է, որ դա ազդակ է Ասադի վարչակարգին, որ նա կարող է շարունակել սպանել իր ժողովրդին այս կարգի զենքով: Պատժի բացակայությունը խաղաղություն չի բերի երկրում, որտեղ արդեն երկու տարի է` չի դադարում բռնությունն ու արյունահեղությունը:

Մեկնաբանել