Միջոցառումներ` նվիրված Քաղաքացիական հասարակության օրվան

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում սեպտեմբերի 18-ին տեղի կունենա Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված կլոր սեղան-քննարկում, հաղորդում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Կլոր-սեղանը կիրականացվի Հայաստանի գործարար հատվածի ընկերությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների մասնակցությամբ: Կքննարկվեն մասնավոր ոլորտի և քաղաքացիական հասարակության համատեղ գործունեության ձեռքբերումները, մարտահրավերները և հետագա համատեղ քայլերի հեռանկարները:

«Հանրային և մասնավոր հատվածներն ի շահ քաղաքացիական հասարակության» խորագրի ներքո տեղի կունենա նաև հանրային բացօթյա տեղեկատվական ցուցահանդես՝ սեպտեմբերի 19-ին` ժամը 15:00-19:00-ին, Երևանի Սիրահարների այգում:

Քաղաքացիական հասարակության օրվա միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլև Վայքում, Եղեգնաձորում, Գորիսում և Վանաձորում:

Քաղաքացիական հասարակության օրն առաջին անգամ նշվել է 2009թ., երբ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և նրա գործընկերների ջանքերով Երևանի Սիրահարների այգում կազմակերպվել է «Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով» լուսանկարների ցուցահանդես-մրցույթ և համերգ:

Մեկնաբանել