Արվեստների և արհեստների փառատոն` Գյումրիում

Սեպտեմբերի 20-ին Գյումրիում տեղի կունենա Արվեստների և արհեստների առաջին փառատոնը, որն այլ միջոցառումների հետ մեկտեղ նվիրված է Գյումրիի` որպես 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք լինելուն:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տարածած հաղորդագրության համաձայն` փառատոնի շրջանակում կտեղադրվեն 25 տաղավարներ, որտեղ կցուցադրվեն տեղացի արհեստավորների, նկարիչների, դարբինների, ոսկերիչների, գորգագործների և քանդակագործների ավանդական աշխատանքները: Փառատոնի ընթացքում նաև ելույթ կունենան տեղացի երաժիշտներ, պարային համույթներ և դերասաններ, ինչպես նաև կմատուցվեն գյումրեցի խոհարարների կողմից պատրաստված կերակրատեսակներ: Փառատոնի նպատակն է ներկայացնել Գյումրիի պատմամշակութային արժեքներն և ավանդույթները, ինչպես նաև աջակցել զբոսաշրջային ներուժի զարգացմանը:

Փառատոնը կազմակերպում է «Արենի Փառատոն» հիմնադրամը` ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի, ՀՀ էկոնոմիկայի, մշակույթի, տարածքային կառավարման նախարարությունների և Հայաստանի համայնքների միության աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Աթանեսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, պաշտոնյաներ Գյումրիից և Երևանից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցի նաև նախագահ Սերժ Սարգսյանը: