ՌԴ-ն ՄԱԿ-ին կփոխանցի սիրիացի ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառման տվյալներ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի տվյալներ, ըստ որոնց՝ Սիրիայում քիմիական զենք է կիրառել ընդդիմությունը, և այդ տվյալները ներկայացվելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, հաղորդում է BBC-ն:

«Մենք ունենք բավական ապացույցներ, որ քիմիական զենքի կիրառման մասին հաղորդումներն արտացոլում են փաստը, որ ընդդիմությունը կանոնավոր կերպով դիմում է սադրանքի՝ Սիրիայի դեմ հարվածներ և ինտերվենցիա հրահրելու համար»,- ասել է Լավրովը:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը բանակցություններ է իրականացնում Սիրիայի ղեկավարության հետ Դամասկոսում, հայտնել էր, որ Սիրիայի իշխանություններն իրեն փոխանցել են նյութեր, որոնք ապացուցում են զինված ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման փաստը:

Հիշեցնենք, որ Արևմուտքը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ուժերին մեղադրում է Դամասկոսի արևելյան արվարձանում՝ Ղուտայում, օգոստոսի 21-ին գազային հարձակման ընթացքում 1429 մարդու սպանության մեջ։

ՄԱԿ-ը օրերս ներկայացրեց իր փորձագետների պատրաստած զեկույցը, որում հաստատեց Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը՝ միաժամանակ չհստակեցնելով, թե հակամարտության կողմերից որն է պատասխանատու դրա համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ասաց, որ փորձագետների խնդիրն է եղել միայն քիմիական զենքի կիրառման փաստը հաստատելը, այլ ոչ թե մեղավորներին ի հայտ բերելը:

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։