«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը՝ Հյուսիսային պողոտայում

Սեպտեմբերի 20-ին` ժամը 12:00-ին, Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնի պաշտոնական բացումը:

Ինչպես հաղորդում են փառատոնի հեղինակ և կազմակերպիչ «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերություն մամուլի ծառայությունից, բացման արարողությանը ներկա են լինելու սփյուռքի նախարարը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, դեսպաններ, պետական այրեր:

Սեպտեմբերի 20-22-ը կրկին Հյուսիսային պողոտայում կանցկացվի «Երկրները մեկ հարկի տակ» խորագրով փառատոն-ցուցահանդես, որին կմասնակցեն ինչպես տեղի արտադրող և ներկրող ընկերություններ, այնպես էլ` միջազգային ընկերություններ, ՀՀ-ում գործող բոլոր դեսպանությունների և հյուպատոսությունների ներկայացուցիչները, սփյուռքահայ ներդրող  գործարարներ: Փառատոնն իր բնույթով գործարար է, մշակութային, էթնիկ: Միջոցառումը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին լավագույնս ներկայանալու և ներկայացնելու սեփական արտադրանքը կամ ծառայությունը: Փառատոնը միտում ունի ավելի զարգացնել կապերը Հայաստանի, սփյուռքահայ և արտերկրյա գործարարների միջև: Փառատոնի մասնակից ընկերությունները կարժանանան սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բարձր պարգևին: Լինելու է նաև մրցանակաբաշխություն, մասնակից ընկերությունները կարժանանան տարբեր անվանակարգեր մրցանակների: Ծրագրից գոյացած հասույթի մեծ մասը հատկացվելու է սիրիահայերի աջակցման ֆոնդին: