ՍիվիլՆեթը միանում է «Մենք ճանաչում ենք Տիգրան Առաքելյանին որպես քաղբանտարկյալ» նախաձեռնությանը

ՍիվիլՆեթը միանում է ՀԱԿ-ի նախաձեռնությանը. սեպտեմբերի 21-ից հայաստանյան մի շարք օրաթերթեր լույս կտեսնեն` առաջին էջին «Մենք ճանաչում ենք Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ և պահանջում ենք անհապաղ ազատել նրան» նախադասությամբ:

Ինչպես ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, սեպտեմբերի 20-ին` ժամը 15:00-ի դրությամբ, նախաձեռնությանը միացել է վեց օրաթերթ` «Չորրորդ ինքնիշխանություն», «168 ժամ», «Առավոտ», «Ժամանակ», «Ժողովուրդ», «Հրապարակ»: Զուրաբյանը կոչ արեց մյուս լրատվամիջոցներին` տպագիր և էլեկտրոնային, ևս միանալ այս նախաձեռնությանը:

ՀԱԿ պատգամավորի խոսքով` միաժամանակ կստեղծվի Տիգրան Առաքելյանի պաշտպանության կոմիտե, որի անդամ կարող են դառնալ բոլոր նրանք, ովքեր կստորագրեն վերոնշյալ նախադասության տակ:

Ավելի վաղ Զուրաբյանը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբանյանին` խնդրելով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը: Սեպտեմբերի 18-ին դատավորին էր ներկայացվել անձանական երաշխավորագիրը, որը ստորագրվել էր 100-ից ավելի մարդկանց կողմից, սակայն դատարանը մերժել էր փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը: Սեպտեմբերի 20-ին էլ հայաստանյան մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ և անհատներ դիմել էին ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի կառույցներին` Առաքելյանի և մյուս ակտիվիստների քաղաքական հետապնդման հարցով:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել