Մաքսային միություն. ճգնաժամ ու ռիսկեր նոր անդամների համար

Ձախից աջ՝ Վիկտոր Յանուկովիչ, Ալեքսանդր Լուկաշենկո, Նուրսուլթան Նազարբաև, Վլադիմիր Պուտին, Ալմազբեկ Ատամբաև. նախագահները Ղազախստանում քննարկում են Մաքսային միությաումում ինտեգրման հեռանկարները, 30-ը մայիսի, 2013թ.։

2013թ. մարտին շվեյցարական Da Vinci AG փորձագիտական խումբը հետազոտություն է պատրաստել Մաքսային միության (ՄՄ) գործունեության արդյունավետության մասին։ Վեց ամիս անց «Մաքսային միություն. ճգնաժամային երևույթներ ու ռիսկեր Ուկրաինայի համար» հրատապ զեկույցում խումբը թարմացրել է գնահատականները, նշելով, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի համագործակցությունում խնդիրները ոչ միայն խորանում են, այլև վերածվում են կայուն բացասական տրենդի։ Ընդ որում, Բելառուսում և Ղազախստանում համոզված են, որ միությանը անդամակցությունն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական որոշում է եղել։

Խմբի երկրորդ, սեպտեմբերյան զեկույցը հիմնված է Մաքսային միության (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵՏՀ) պաշտոնական վիճակագրական տվյալների վրա։ Վերլուծության են ենթարկվել նաև Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության պաշտոնական և բիզնես շրջանակների ներկայացուցիչների այն գնահատականներն ու մեկնաբանությունները, որոնք առնչվում են Մաքսային միության շրջանակում ազգային տնտեսություններին ու սոցիալական ոլորտին։

Կրճատվող ապրանքաշրջանառություն

Առաջինը, ինչ գրավել է զեկույցի հեղինակները ուշադրությունը, Մաքսային միությունում կայուն տրենդի վերածվող փոխադարձ առևտրի ծավալների կրճատումն է։ 2013թ. հունվար-մայիսին միությունում և Միասնական տնտեսական տարածագոտում (ՄՏՏ) փոխադարձ առևտրի ծավալը կրճատվել է 9,9%-ով՝ համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի։ Ամենամեծ անկումը նկատվել է Ղազախստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրի ծավալներում, համապատասխանաբար՝ 15,8%-ով և 15,1%-ով։

Բացի այդ, բավական դանդաղ է ընթանում ռուսական և բելառուսական շուկաներ ղազախական ապրանքների ներթափանցումը, այն դեպքում, երբ կտրուկ փոխվել է Ղազախստանի ներկրման կառուցվածքը, որում ավելացել է ռուսական ապրանքների մասնաբաժինը։

Հումքի արտահանման վրա հիմնվող տնտեսություններ

Ըստ զեկույցի հեղինակների, Մաքսային միության հումքային ուղղվածությունը էական ռիսկեր է ստեղծում անդամ պետությունների տնտեսությունների համար։ Փոխադարձ առևտրում գերակշռում է հանքային ապրանքների, մասնավորապես՝ էներգակիրների մասնաբաժինը. այն ներքին առևտրի կառուցվածքում կազմում է 33,6% է։ «Մաքսային միության տնտեսությունն ու առևտուրը ապագայում ևս ունենալու է բացառապես հումքային ուղղվածություն և առավելագույն կախված լինելու էներգակիրների գներից՝ մնալով հնարավորինս անկայուն ու ռիսկային»,- նշում են Da Vinci AG-ի վերլուծաբանները, պնդելով, որ այս գործոնը բացասաբար կանդրադառնա ՄՄ շրջանակում միասնական արժույթի ներդրման հեռանկարի վրա։

Նշվում է նաև, որ միության ստեղծումը դեռևս չի անդրադարձել անդամ պետությունների տնտեսությունների դիվերսիֆիկացիայի վրա։

Էներգակիրների ռուսական մենաշնորհ

Ռուսաստանը ամեն կերպ ձգտում է միության շրջանակներում պահպանել էներգակիրների մատակարարման մենաշնորհը։ Ուշագրավ է, որ Բելառուսը առ այսօր այդպես էլ ղազախական նավթ չի ստացել, չնայած Աստանայում ավելի քան հետաքրքրված են նման մատակարարումներով։ Զեկույցի հեղինակները համոզված են, որ այս հարցում գլխավոր խոչընդոտը պաշտոնական Մոսկվան է, որի շահերից չի բխում մատակարարումների դիվերսիֆիկացումը։ «Ռուսաստանը շարունակելու է խողովակաշարերի և ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության իր քաղաքականությունը»,- նշում են Da Vinci AG-ի վերլուծաբանները և պնդում, որ նոր անդամների համար միության շրջանակում էներգակիրների գների նվազում ակնկալել պետք չէ։

Անհամաչափ զարգացող տնտեսություններ

Մաքսային միությունը, ըստ զեկույցի հեղինակների, վերածվում է կիսափակ շուկայի՝ սահմանափակելով Ղազախստանի ու Բելառուսի շահերը և խոչընդոտելով մասնակիցների տնտեսությունների համաչափ զարգացումը։

Ղազախստանի բիզնես-ասոցիացիայի գործարարների գնահատականներով՝ ՄՄ շրջանակում շահում են հիմնական Ռուսաստանն ու Բելառուսը։ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի տնտեսագետների կարծիքով՝ Մաքսային միությունը բացասաբար է ազդում Բելառուսի և Ղազախստանի՝ Եվրամիության ու Չինաստանի հետ առևտրաշրջանառության ծավալների վրա։ Ընդ որում, առևտրաշրջանառության ակտիվացման բարենպաստ էֆեկտը առայժմ զգում է միայն Ռուսաստանը, որտեղ ՄՄ ստեղծումից հետ նվազեցվել են մաքսատուրքերի դրույքները։ «Միությունը փաստացի վերածվում է կիսափակ շուկայի այն ապրանքների համար, որոնք արտադրվում են հենց միությունում, մասնավորապես ՌԴ-ում։ Այս երկրին 2012թ. բաժին է ընկնել ՄՄ-ում փոխադարձ առևտրի 65,1%-ը, իսկ 2013թ. հունվար-մայիսին՝ 62,2%-ը»,- ասվում է զեկույցում։

Ռուսաստանի կողմից հրահրվող առևտրային պատերազմներ

Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ դիմում է ներիքն առևտրային պատերազմների՝ պաշտպանելով ռուսական ներքին շուկան ու տնտեսական շահերը, պնդում են զեկույցի հեղինակները։

Ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության՝ երկրի տնտեսությունը ստագնացիայի փուլում է։ ՌԴ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ 2014թ. բյուջեի դեֆիցիտը կազմելու է ՀՆԱ-ի 0,6%-ը, ինչը 0,4%-ով գերազանցում է գերատեսչության նախորդ կանխատեսումը։ 2013թ. տնտեսական աճի տեսակետից կարող է նախագահ Պուտինի կառավարման ամբողջ ընթացքում վատթարագույնը լինել, համոզված են զեկույցի հեղինակները։ Ընդ որում, ապրիլից ներդրումները կրճատվել են ավելի քան 5%-ով։ Այս պայմաններում «Կրեմլը հետաքրքրված է հաստատելու պրոտեկցիոնիզմի և ներկրման փոխարինման առավելագույն մակարդակ այն ապրանքների մասով, որոնք ներմուծվում են ինչպես երրորդ երկրներից, այնպես էլ ՄՄ անդամ պետություններից՝ նպատակ ունենալով առավելագույնս գործարկել ռուսական ձեռնարկություններ հզորություններն ու նպաստել բյուջետային եկամուտների և ՀՆԱ աճին»,- ասվում է զեկույցում։

Արհեստական պատնեշներ են ստեղծվում այն ոլորտներում, որոնցում միության անդամ երկրները գտնվում են զարգացվածության նույն մակարդակում։ Da Vinci AG փորձագետները համոզված են, որ ՄՄ անդամ պետությունների նման մարտավարությունը չի ամրապնդում միավորման կայունությունը և հանգեցնում է քաղաքական կոնֆլիկտների, ինչը, ի վերջո, կարող է անդրադառնալ միության գործունեության վրա։

Պարտադրված քաղաքական, քան տնտեսական միություն

Զեկույցում նշվում է, որ Ղազախստանի կառավարական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները ներկայում հավատացած են, որ Մաքսային միության ստեղծումը ավելի շատ քաղաքական, քան տնտեսական որոշում է եղել։ Ընդ որում, մի շարք քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ կարծում են, որ Մաքսային միությունը Ղազախստանի անկախությանը սպառնում է թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես։ Նմանատիպ գնահատականների են հակված նաև Բելառուսի նախագահի աշխատակազմում։ Նրանց կարծիքով՝ ՌԴ ղեկավարությունը Բելառուսը և Ղազախստանը մղում է էլ ավելի սերտ համագործակցության, ինչը միշտ չէ, որ համապատասխանում է այս երկրների շահերին։

Քաղաքական դիմակայության վերածվող տնտեսական շահեր

Արտաքին շուկաներում համաշխարհային առաջատար արտադրողների հետ մրցակցության անհնարինության պայմաններում միության շուկայում զարգացման միակ սցենարը մնում է ընկերություններ խոշորացումը, թշնամական կլանումները և արտադրողների մի մասը դուրսմղումը շուկայից, նշում են Da Vinci AG-ի վերլուծաբանները։ Իրավիճակը էլ ավելի կբարդանա, եթե ՄՄ մտնեն նոր անդամներ, որոնք նույնանման արտադրանք են թողարկում։

«Գործընթացը տեղի է ունենալու կորպորատիվ կոնֆլիկտների ինտենսիվացման պայմաններում, որը վերջին հաշվով կարող է վերաճել քաղաքական դիմակայության»,- զգուշացնում են զեկույցի հեղինակները։

Նշվում է նաև, որ միավորումից առայժմ շահում են բացառապես հումքային ռեսուրսների (նավթ, գազ, մետաղ, հացահատիկ) կողմնորոշված ֆինանսական-արդյունաբերական շրջանակները։ Սա հակասում է հայտարարություններին, թե Մաքսային միությունը հետաքրքրված է տնտեսության բարձրտեխնոլոգիական ճյուղերի զարգացմամբ։

Բիզնես խտրականություն

Մաքսային միությանը նոր պետությունների անդամակցության ցանկացած փորձ ուղեկցվելու է նրանց տնտեսական շահերի նկատմամբ խտրական դրսևորումներով, ինչը երբեմն հանգեցնում է մի շարք ձեռնարկությունների գործունեության դադարեցման։ Ընդ որում, օրինակներ միության տարածում արդեն իսկ կան (ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում կալսիչ մեքենաների և «Լեսսելմաշ» գործարանները՝ բելառուսական արտադրողների ճնշման ներքո)։

Առևտրային պատերազմները միության տարածքում չեն դադարելու, քանի դեռ Մոսկվայի ռազմավարությունը ենթադրում է բարձրտեխնոլգիական արտադրության կենտրոնացում ՌԴ տարածքում, նշում են զեկույցի հեղինակները։

Ռուսաստանը մենաշնորհում է ԵՄի հետ կապերը

Da Vinci AG փորձագետները համոզված են, որ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում ցանկանում է մենաշնորհել ԵՄ հետ արտաքին առևտուրը։ «ՌԴ-ն զգուշանում է ԵՄ հետ ԱՊՀ պետությունների ինքնուրույն մերձեցումից, մտադիր է սահմանափակել նման գործընթացները և հանդես գալ որպես տարածաշրջանից դեպի Եվրոպա մատակարարվող ապրանքների մի մասի կապուղի»,- նշվում է զեկույցում։ Այս պայմաններում ակնհայտ է, որ ԵՄ և Ուկրաինայի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծումը ռազմավարական առումով շահավետ չէ Կրեմլին, քանի որ մրցակից է ստեղծում։

Մյուս կողմից, դեռ 2010թ. նոյեմբերին Վլադիմիր Պուտինը հայտարարում էր, որ Ռուսաստանը մտադիր է ապագայում ԵՄ-ի հետ ստեղծել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ձգվող Ազատ առևտրի գոտի։ Մտադրությունը նա վերահաստատել է 2012թ. ԵՄ-Ռուսաստան գագաթաժողովի ընթացքում, որը հավանության է արժանացել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի կողմից։

Տնտեսությունների ստվերայնացում

Մաքսային միությունում ապրանքաշրջանառության ստվերայնացումը թույլ չի տալիս գնահատել դրա իրական ծավալները։ Ըստ ՌԴ իշխանությունների գնահատականների՝ ՄՄ սահմաններում ապրանքաշրջանառության կեսը ստվերային է, իսկ մաքսային վերահսկողության գործընթացների պարզեցումը միության սահմաններում շարունակելու է խթանել մաքսանենգությունը։

ՌԴ արդյունաբերության ու առևտրի նախարարության գնահատականներով, ներքին մաքսային սահմանների վերացումը դյուրացրել է բիզնեսավարումը միայն Բելառուսում և Ղազախստանում, այն դեպքում, երբ Ռուսաստանում արդյունաբերողներն առերեսվել են կեղծված ապրանքների ծավալի աճի խնդրի։

Ստվերային շրջանառությունը խթանում է նաև ալկոհոլի ու ծխախոտի նկատմամբ ակցիզային հարկի՝ Ռուսաստանում ու ՄՄ գործընկեր երկրներում 6-7 անգամ տարբերությունը։ Մոսկվան որպես խնդրի լուծում է տեսնում ՄՄ շրջանակներում ակցիզային դրույքաչափերի ներդաշնակեցումը։

Պետք է հաշվի առնել, որ ակցիզային դրույքաչափերի փոփոխությունը որպես կանոն բյուջեի հակաճգնաժամային համալրման միջոցառում է։ Այս առումով, ակցիզային դրույքաչափերի՝ ըստ առաստաղի հավասարեցման ՌԴ մտադրությունը էականորեն նվազեցնում է ՄՄ անդամ պետությունների հակաճգնաժամային ներուժը։

Զեկույցի հեղինակները նշում են, որ ղազախական կողմի գնահատականներով՝ ակցիզային դրույքաչափերի վերջնական միասնականացումը չի կարող ավարտվել 2020-ից վաղ, ինչը նշանակելու է, որ մաքսանենգ հոսքերի բարձր ակտիվության ռիսկը պահպանվելու է ամբողջ այդ ժամանակահատվածում։

Da Vinci AG փորձագետների գնահատականներով՝ մաքսանենգ հոսքերը էականորեն կավելանան միջինասիական պետությունների հաշվին ՄՄ ընդարձակման դեպքում։

Նարկոտրաֆիկ և ռուս մաքսավորներ ՄՄ սահմաններին

Զեկույցի հեղինակները նշում են, որ Մաքսային միության տարածքում ներքին մաքսային սահմանների վերացումը նպաստել Աֆղանստանից դեպի միության եվրոպական հատված «ավանդական ու նոր» թմրամիջոցների հոսքի աճին։ Ռուսական կողմը որպես խնդրի լուծում տեսնում է սահմաններին ոստիկանական հատուկ բազաների տեղակայումը։

Ըստ զեկույցի հեղինակների՝ իրավիճակը կարող է հարթել միայն ռուս-ղազախական ու ռուս-բելառուսական սահմանին ապրանքների զննման ընթացակարգի խստացումը։ Սակայն նման միջոցառումները հակասում են Մաքսային միության էությանը։

Բացի այդ, նման նախաձեռնությունները բացասաբար կընդունվեն Ղազախստանում և Բելառուսում։ Մասնավորապես, ղազախական կողմը արդեն կոշտ արձագանքել է ռուս-ղազախական սահմանին բեռների վերստուգման պրակտիկա ներդնելու Ռուսաստանի ներկայացուցիչների քայլերին։

Նույն կերպ՝ բացասաբար, է ընդունվում ՄՄ սահմանների երկայնքով (ներառյալ Բելառուսը և Ղազախստանը) ռուսաստանցի մաքսավորներ տեղակայելու՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության նախաձեռնությունը։

Da Vinci AG փորձագետների կանխատեսումներով՝ մոտ ապագայում այս խնդիրները Մաքսային միության շրջանակներում լուծումներ չեն ստանա։

Բարձր գնաճ

Զեկույցում նշվում է, որ Մաքսային միության ստեղծումը առանձին ապրանքախմբերում գների աճի տեղիք է տվել։ Գնաճի պատճառը մի կողմից երրորդ երկրներից ներկրվող ապրանքների վրա սահմանվող բարձր մաքսատուրքերն են, մյուս կողմից՝ ՄՄ սահմաններում գների հավասարեցումը։ Որպես արդյունք, Ղազախստանը ստիպված է եղել դիմել սոցիալական նշանակության ապրանքների գների ամրագրման և անցնել գների պետական կարգավորման։ Ղազախական շուկայում, բացի այդ, նկատվել է առաջին անհրաժեշտության ապրանքներ գների էական բարձրացում՝ նվազող գնողունակության պայմաններում։

Բարձր գնաճ է պահպանվում նաև Բելառուսի Հանրապետությունում, որը 2012թ. արդյունքներով կազմել է 36,1%։

Պատրաստել է Մարատ Յավրումյանը

Photo: Forbes.ru

Մեկնաբանել