Կրքոտ դիմումների ժամանակներն են գալիս

Վերջերս տարբեր դիմումներ գրելիս վերջում ուզում եմ զմայլիկ դնել (վախտին բլոգներում այսպես հաջող թարգմանել էին «սմայլիկ» բառը): Դիմումների վերջում այդ զմայլիկը հիմնականում տխուր է, այսպիսին 🙁 կամ նույնիսկ այսպիսին՝ :((( : Դա նրանից չէ, որ ես օր ու գիշեր ողբերգական դիմումներ եմ գրում: Պարզապես դիմումը ինքնին այնքան զուրկ է զգացմուներից, բյուրոկրատական կյանքը այնքան ստերիլիզացված է, որ մնում է միայն տխրել, որ կան մարդիկ, որոնք օրուգիշեր կարդում են այս դիմումները: Այնպես որ, զմայլիկը ավելի շատ կարեկցական բնույթ է կրում: Բայց հարցը մենակ դիմումները չեն, հիմա ինչ էլ ձեռքով, գրչով թղթի վրա գրեմ, միշտ ցանկություն է առաջանում զմայլիկներ շարել: Քանի որ շուտվանից ռեֆլեքս է ձևավորվել՝ եթե մարդ առանց զմայլիկների է գրում, ուրեմն կամ մոտը դեպրեսիա է, կամ նեղացել է քեզանից, կամ էլ մի բան դուրը չի գալիս այս պահին: Ինձ թվում է՝ միայն ինձ մոտ չէ այսպես: Անկասկած, սրա պատճառներից ամենաակնհայտն այն է, որ գրչով գրել հաճախ չի հաջողվում:

Ցանցը գնալով ավելի մեծ ազդեցություն է ունենում գրավոր խոսքի վրա: Զմայլիկ դնելու ցանկությունը վատագույններից չէ: Հանդիպած կլինեք, որ արդեն պատերին գրում են “SIRUM EM QEZ”: Կամ հակառակը, հայերեն գրում են «Տցհիվագհ»: Եթե բառը տարօրինակ է թվում, փորձեք այն տպել ստեղնաշարի վրա և կտեսնեք, որ դա գեղեցիկ «ճիվաղ» բառն է՝ գրված լատինատառ SMS-ներ փակած աչքերով գրպանի մեջ հավաքող երիտասարդի կողմից:

Այս ամենն ունի նաև հակառակ կողմը: Մինչև վերջին տարիները գրելու կանոնների մենաշնորհը դարեր շարունակ պատկանել է «մեծերի» սերնդին, երիտասարդությունը եղել է ենթարկվողի, չհնազանդվելու դեպքում՝ պատժվողի դերում: Վերջին դարերին իրավիճակը սկսեց դանդաղ փոխվել, չնայած որ տարիքով, ակնոցներով ալեհեր պրոֆեսորները շարունակում էին մնալ լեզվի, ավելի ճիշտ՝ գրավոր լեզվի ուղնուծուծը:

Ինտերնետը ամեն ինչ փոխեց: Երիտասարդները պրոֆեսորների դասերին նստած, մտքերով ուրիշ տեղ են. մեկը Ֆեյսբուքում, մյուսը Ինստագրամում, երրորդը՝ Օդնոկլասնիկներում (չնայած, մնացածին համոզում է, որ Ֆեյսբուքում է): Եվ ստացվում է այնպես, որ պրոֆեսորները գիր-գրականություն են սովորեցնում, իսկ երիտասարդները իրարից են սովորում կարդալ, գրել:

Դեռ սա նոր զարգացում է, դեռ հետևանքները քիչ են երևում, բայց արդեն կարելի է տեսնել, որ եթե առաջ դպրոցում աշակերտները դիմադրում էին դերբայական դարձվածի ողջ տրանսցենդենտալ խորությունը անգիր սովորելուն, ապա հիմա պարզապես համարում են ոչ այնքան կարևոր, քանի որ կյանքում հիմնականում գրում են ցանցում, իսկ այնտեղ ով ինչպես ուզում, գրում է: Էլ չասած, որ դասատուների մեծ մասը կամ ցանցում չկա, իսկ եթե կա, չգիտի, թե աշակերտներից որ մեկին որ սխալի համար նախատի ու հետն էլ ծաղրանքի առարկա չդառնա:

Շատերը կասեն, որ սա գրագետ աշխարհի վերջն է: Դժվար է, իսկապես, գրագետ դարձնել մի երիտասարդի, որն իր կյանքի 120 տոկոսն անցկացնում է Օդնոկլասնիկներում, գրում է հիմնականում իր շփման ընթացքում այսպես. «барев, сируник хрештак, узум ем хетд цанотаналб ХАМ ЭЛ ЭСОР ИНЧ ЕС АУНМ ЕРЕКОЙЯН, ХЫН?»: Րաֆֆու «Սամվելը» չի կարդում, ընդանրապես գիրք չի կարդում և մոտակա ապագայում՝ չի էլ պատրաստվում:

Սա, անկասկած, մտահոգիչ է: Բայց ունի նաև հակառակ դրական կողմը: Արևմտյան քաղաքակրթությունը, որի մասը մենք կազմում ենք, դեռ Հռոմեական կայսրության ժամանակներից ձևավորել է իրավաբանական, բյուրոկրատական գրի ոճ, որը պարտադրում է գրել այնպես, կարծես դու պահարան ես կամ սառնարան, ոչ թե մարդ՝ իր զգացմունքներով, կարծիքներով, սեփական անհատականությամբ և ոճով: Այս ամենը այնքան ուժեղ ազդեցություն է ունեցել լեզվի կարուցվածքի վրա, որ հաճախ երիտասարդ գրողների հանդեպ խիստ քննադատություն ես լսում. նրանք, օ սարսափ, խախտել են քերականության օրենքները (ասվում է սա այնպիսի տոնով, կարծես, խախտել են քրեական օրենսգիրքը), փորձել են գրավոր խոսքի շրջանակներից դուրս գալ:

Ինտերնետի դարաշրջանը, կարծես թե, կոտրում է այս կաղապարները: Մի կողմից անգրագիտությունն է աճում (չնայած, իրականում չի աճում, պարզապես տեսանելի է դառնում. առաջ անգրագետնեը չէին գրում, իսկ հիմա շատերին նույնիսկ լրատվական կայքերն են ցիտում): Մյուս կողմից՝ լեզուն ավելի շարժուն, ճկուն և զգացմունքային է դառնում, դուրս է գալիս բյուրոկրատական գերությունից: Ով գիտի, մի երկու սերունդ հետո միգուցե կադաստրին գրված դիմումները լինեն ավելի կրքոտ ու ոճային:

Սամվել Մարտիրոսյան

Photo: media.am

Մեկնաբանել