Աթենքում հակաֆաշիստներին ցրել են արցունքաբեր գազով

Աթենքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ ուլտրաաջ «Ոսկե լուսաբաց» կուսակցության կենտրոնակայանի մոտ հավաքված ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է BBC-ն։

Բողոքի ակցիան տեղի է ունեցել՝ կապված կուսակցության անդամներից մեկի կողմից անցյալ շաբաթ ձախ հայացքներ ունեցող երաժիշտ Պավլոս Ֆիսասի սպանության հետ։

Հունաստանի հիմնական կուսակցությունները մարդկանց կոչ էին արել հավաքվել՝ աջակցություն ցույց տալու ժողովրդավարությանը։

«Ոսկե լուսաբացը» կտրականապես հերքում է իր մասնակցությունը Պավլոս Ֆիսասի սպանությանը։

Այդուհանդերձ, Հունաստանի դատախազությունում հրահանգվել է վերսկսել բռնության մոտ 30 դեպքի հետաքննություն, որոնք կարող են կապված լինել կուսակցության անդամների հետ։