Սուդան․ բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 100 մարդ

Սուդանում կառավարության՝ վառելիքի սուբսիդիաները կրճատելու որոշման դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է մոտ հարյուր մարդ, հայտարարում են իրավապաշտպան կազմակերպությունները։

Ինչպես հաղորդում է BBC-ն, այս շաբաթվա սկզբին սկսված բողոքի ակցիաները վերաճել են բախումների և անկարգությունների։

Ոստիկանությունը մայրաքաղաք Խարտումում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառում։ Տեղի իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ անկարգությունների ընթացքում զոհվել է մոտ հարյուր մարդ․ նրանց մեծ մասը անվտանգության ուժերի բացած կրակի զոհն է դարձել։

Ակտիվիստները երկրի բնակիչներին կոչ են անում շարունակել բողոքի ցույցերը։ Խարտումում փակ են գրեթե բոլոր ավտոլցակայանները, քաղաքի փողոցներում զինվորականներ են պարեկում։