Պետբյուջեն ռուսական վարկի վաղաժամկետ մարում չի նախատեսում

Կառավարության սեպտեմբերի 28-ի արտահերթ նիստում հավանություն տրվեց 2014թ. պետբյուջեի նախագծին։

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Հ1-ի «Հարցազրույց» հաղորդաշարում սեպտեմբերի 26-ին հայտարարում էր, թե սեպտեմբերի 19-ին 7 տարով և 6% եկամտաբերությամբ տեղաբաշխված եվրաբոնդերի $700 մլն-ը կօգտագործվի ռուսական վարկի վաղաժամկետ մարման համար։ Միջոցների մնացած մասը կուղղվի տնտեսության զարգացմանը։

Կառավարության սեպտեմբերի 28-ի արտահերթ նիստի հավանությանը արժանացած 2014թ. պետբյուջեի նախագծից սակայն երևում է, որ գործադիրը չի պատրաստվում վաղաժամկետ մարել ռուսական վարկը, դրա սպասարկումն ընթանալու է արդեն իսկ սահմանված ժամանակացույցով։

Պետբյուջեի նախագծի «ՀՀ կառավարության արտաքին պարտքի 2014-2016 թթ. սպասարկման ծախսերը (տոկոսավճարները)» աղյուսակում նշված է, որ ռուսական $500 մլն վարկի սպասարկմանը տոկոսավճարների գծով 2014թ. պետք է ուղղվի $18 մլն, մայր գումարի մարմանը՝ $43,5 մլն։ Ռուսական վարկի սպասարկման ծախսերը 2015թ. և 2016թ. համապատասխանաբար կկազմեն $60,2 մլն և $58,5 մլն։

Այս տվյալները խոսում են այն մասին, որ առայժմ ռուսական վարկի վաղաժամկետ մարում չի լինելու։ Թե՛ 2015-ին, թե՛ 2016-ին այս պարտավորությունների գծով մայր գումարի մարմանը ուղղվելու է այնքան, որքան 2014-ին՝ $43,5 մլն։ Այլ կերպ՝ վարկի մարումը տեղի է ունենալու նախօրոք հաստատված չափաբաժիններով։

Պետբյուջեի նախագծի ուղերձը հստակություն չի մտցնում նաև եվրաբոնդերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների ապագայի հարցում։

Ուղերձում նշվում է, որ 2013թ. վերջին Հայաստանի արտաքին պետական պարտքը կկազմի $3,8 մլրդ (2012թ. վերջին արտաքին պետական պարտքի ծավալը կազմել է $3,7 մլրդ): Փաստացի, արտաքին պարտքը այս տարվա ընթացքում կավելանա $100 մլն-ով։

Եթե անգամ ներգրավված 700 մլն-ը այս տարի ամբողջովին ուղղվի արտաքին պետական պարտքի սպասարկմանը ($407 մլն), միևնույն է, պետպարտքը կավելանա մոտ $300 մլն-ով, և ոչ թե $100 մլն-ով։

Ի դեպ, ռուսական վարկի վաղաժամկետ մարման մասին որևէ հիշատակում չկա նաև պետբյուջեի ուղերձի «Արտաքին պետական պարտքը» բաժնում։ Այսպես, 2014թ. ընթացքում արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է ստանալ մոտ $320 մլն-ի արտաքին միջոցներ։ Նույն ժամանակահատվածում արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է սպասարկել մոտ $292 մլն՝ $235 մլն ուղղելով հիմնական գումարի մարմանը, և մոտ $57 մլն՝ տոկոսավճարին: «Հաշվի առնելով վերը նշվածը, 2014թ. տարեվերջին արտաքին պետական պարտքը կկազմի մոտ $3,914 մլրդ»,- նշված է պետբյուջեի ուղերձում։

Մեկնաբանել