Գիտե՞ք՝ Հայաստանում հարսներին օսմանյան վկայականներ են նվիրում…

Աքդենիզ համալսարանի ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Իսրաֆիլ Քուրդջեփեն որքան էլ իր շրջապատում ընկալվում է որպես հարգարժան պատմաբան, իր վերջին հրապարակային ելույթներով բացի զարմանքից նաև զզվանք է առաջացնում:

Ինչքան էլ խուսափում եմ մարդկանց գնահատականներ տալ իրենց ազգային պատկանելությունից ելնելով, ակամա թուրքերին հաճախ մեղադրում եմ վախից բխած «խելագարության մեջ»:

Ինչքան էլ գիտեմ, որ յուրաքանչյուր թուրք, ծնվելով ուրույն թուրք ընտանիքում, լիովին տարբեր պատկերացում է կազմում մարդու իրավունքների, պատմության, արդարության, ազնվության, ճշմարտության, բարության մասին, սակայն այդ երկրում գործող կրթական համակարգը հրեաների, քրիստոնյաների և հատկապես հույների ու հայերի հարցում, կարծես թշնամության սերմեր է ներարկում աճող օրգանիզմի մեջ, որոնք առաջիկայում, ըստ տարբեր պայմանների, մեծանում, փոքրանում կամ ոչնչանում են:

Հենց այս պատճառով էլ, երբ տեսնում ենք թուրք մարդու, որն ընդունում է Ցեղասպանությունը կամ հանրապետական շրջանում շարունակվող անարդարությունը հայերի նկատմամբ կամ, առհասարակ, Սփյուռքի մարդու հոգեբանությունն ու թշնամության հասկանալի արմատները, զարմանում ենք, լավ ենք զգում, իսկ անմիջապես հետո մտածում ենք՝ սա երևի իսկական թուրք չէ, երևի թաքուն նպատակով է անում….

Ուրախալի է, որ իսկապես կան թուրքեր, որոնք ընդունելով անցյալը՝ տեղյակ են իրականացված հակահայկական քաղաքականությունից բխող թշնամանքի մասին: Աքդենիզ համալսարանի ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Իսրաֆիլ Քուրդջեփեն որքան էլ իր շրջապատում ընկալվում է որպես հարգարժան պատմաբան, իր վերջին հրապարակային ելույթներով բացի զարմանքից նաև զզվանք է առաջացնում:

Քուրդջեփեն պնդում է, որ այսօր Հայաստանում հարսանիքներում անպատճառ հարսներին նվիրում են օսմանյան ժամանակների սեփականության վկայականներ, որը ցույց է տալիս հայերի դարավոր նենգությունը և Թուրքիայի հողերի վրա ունեցած աչքը:

«Հարգարժան» պրոֆեսորը նախազգուշացնում է թուրք հասարակությանը և հատկապես երիտասարդներին, որ հայերը նախապատրաստվում են Ցեղասպանության հարյուրամյակին 2015թ., և այդ փաստաթղթերը Թուրքիան փլուզելու նրանց ամենահզոր զենքն է:

Պայծառատես պրոֆեսորը երիտասարդներին հանձնարարում է, որ ճանապարհներ որոնեն, որ աշխարհին համոզեն, որ 1915-ին տեղի է ունեցել տեղահանություն և ոչ երբեք՝ ցեղասպանություն:

Հարց է ծագում, եթե նույնիսկ նրա քմահաճույքից ելնելով մի պահ մտածենք՝ ցեղասպանություն տեղի չի ունեցել, այլ ընդամենը տեղահանություն է եղել, դա ի՞նչ կապ ունի սեփականության իրավունքի վերականգնման հետ: Մարդու ապրանքը խլելը՝ անկախ դրանից, թե խլվում է նաև կյանքը, ինքնին իրավունքի խախտում է, որը պետք է վաղ թե ուշ վերականգնվի:

«Գիտնականի» ասածների մեջ կա մի նրբություն: Նա շատ հաճախ է շեշտում սեփականության օսմանյան փաստաթղթերի իրավական լինելը: Արդյոք նաև պետությա՞նն է հուշում նման փաստաթղթերի իրավական կարգավիճակը դադարեցնելու մասին: Այսպես թե այնպես, այս բոլորը մեզ մի անգամ ևս հիշեցնում են թուրքերի մեջ անցյալից եկող վախերի արտացոլումն ագրեսիայի միջոցով: Մերժողական քաղաքականության արգասիքն ի հայտ է գալիս ամենաանսպասելի պարագաներում:

Ափսոս Քուրդջեփեի ունկնդիրներից որևէ մեկը չի կարողանում հարց բարձրացնել, ասենք՝ օսմանյան փաստաթղթերի իրավահաջորդությունը մերժեցինք, Ցեղասպանության պնդումները կարողացանք փոխարինել տեղահանումներով, իսկ ինչպե՞ս ենք պատասխանելու 1941թ. 20-40 տարեկան բոլոր քրիստոնյաների զորակոչման, առանց տղամարդու մնացած հայ ընտանիքների գոյատևման փորձերի և դրանից անմիջապես հետո 1942թ. «Ունեցվածքի հարկի» ժամանակ խլված սեփականության, հարկերը մուծելու համար ճամբարներում ուժից վեր աշխատանքից զոհված մարդկանց կյանքի համար, 1955թ. 6-7 սեպտեմբերի թալանված տների և խանութների, վիրավորված, բռնաբարված և սպանված մարդկանց վերաբերյալ հարցերին:

Ախր «հարգելի» պրոֆեսոր, Ձեր մեծ երազանքներով կառուցած Հանրապետական Թուրքիայի ձեռքերը պակաս արյունոտ չեն, քան Օսմանյան կայսրության: Ինչպես ասվում է թուրքական առածում. «Վերև թքես՝ բեղերդ են, ներքև թքես՝ մորուքդ»:

Photo: www.kurtcephe.org

Մեկնաբանել