Ճանաչել զիմաստություն և զԱրցախ

«Միջազգային ճանաչումը պիտի մեր ետևից ընկնի, եթե մեզնից ինչ-որ բան ներկայացնենք»,- գրում է Գեղամ Բաղդասարյանը։ (Լուսանկարը՝ ՍիվիլՆեթի արխիվից)

Ժամանակ առ ժամանակ տարբեր առիթներով՝ ներքին ու արտաքին զանազան ազդակներով ու դրդապատճառներով պայմանավորված, վերստին հրատապ է դառնում ԼՂՀ-ի միջազգային ճանաչման և, մասնավորապես, ՀՀ-ի կողմից երկրորդ հայկական պետականությունը ճանաչելու հարցը։ Ընդ որում, թե հարցը բարձրացնողները և թե այն մերժողները բավականին անլուրջ ու անսկզբունք են մոտենում հարցին, իսկ նրանց պատճառաբանություններն ու հիմնավորումները պարզապես ոչ մի քննադատության չեն դիմանում, ավելին՝ դրանք երբեմն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վարկաբեկում են բուն գաղափարը, և հիմնախնդիրը մեծապես կշահեր, եթե չլինեին այդ հիմնավորումներն ու պատճառաբանությունները, նախընտրելի կլիներ, որ դրանց հեղինակները մերկապարանոց դատողություններ անեին։

Առիթ ունեցել եմ ասելու և մեկ անգամ էլ պնդեմ՝ այսօր առաջին հերթին հարկ է ճանաչել (ավելի ստույգ՝ ճանաչելի դարձնել) ոչ թե ԼՂՀ-ն, այլ ղարաբաղյան գործոնն ընդհանրապես։ ԼՂՀ-ն պիտի դառնա ինքնուրույն տարածաշրջանային ռազմաքաղաքական գործոն։ Սա է տանելու դեպի միջազգային ճանաչում և ոչ թե հակառակը։ Իսկ այդ գործոնն ուղղակի սպանել ենք մեր իսկ ձեռքով։ Առանց ղարաբաղյան գործոնի վերակենդանացման ԼՂՀ-ի ճանաչումը պարզապես ճանաչման տապանաքարի կվերածվի։ Ի վերջո, տրամաբանական հարց է ծագում՝ ի՞նչն ենք ճանաչում։ Այլ կերպ՝ ինչպե՞ս ճանաչել անճանաչելին։

Ղարաբաղին առնչվող հարցերը վաղուց արդեն Ստեփանակերտում չեն լուծվում, այլ Երևանում։ Ընդ որում, խոսքը միայն ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի մասին չէ, որին պաշտոնական Ստեփանակերտը չի մասնակցում, քանի որ կամավոր-պարտադիր հանձնել է իր իրավունքները։ Խոսքը նաև համահայկական հարցերին է վերաբերում, որոնցում մենք աղքատ ազգականի դերում ենք, և եթե դրանցում մեզ խոսք է հասնում, ապա պաշտոնական Երևանի դիրքորոշումը հաստատելու համար։ Խոսքը, ցավոք սրտի, նաև ներղարաբաղյան հարցերին է վերաբերում. նույնիսկ ամոթ է ասելը, թե ինչ մանրության խնդիրներ են պարտադիր պայմանավորվում։

Երկու իշխանություններն էլ չեն ընկալում, որ դրանով իսկ իրենց թիկունքն են թուլացնում։ Մասնավորապես, 2008թ. վրաց-օսա-ռուսական 5-օրյա պատերազմի ժամանակ հայկական երկու մայրաքաղաքներում չգիտեին ինչ ասեին, մինչդեռ շատ հանգիստ կարելի էր իրար լրացնող ու խելամիտ մանևրող երկու հայտարարությամբ հանդես գալ։ Հեռուն չգնանք և գանք մեր օրերը՝ ՀՀ նախագահը ս.թ. սեպտեմբերի 3-ին կարող էր այդքան չխեղճանալ պուտինյան Մոսկվայում և պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման ճշտման պատճառաբանությամբ գոնե ժամանակ շահել։ Երկու դեպքում էլ դա չարվեց, որովհետև մենք նախապես էինք այդ գործոնը կործանել մեր իսկ ձեռքով։ Ո՞վ կհավատար, որ Ստեփանակերտն ինքնուրույն է երկու նախադասություն մոգոնել կամ ինքնուրույն պիտի դիրքորոշում ունենա։

Իսկ թե ինչու է պաշտոնական Ստեփանակերտը մշտապես երկրորդում պաշտոնական Երևանին՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ։ ԼՂՀ-ում իշխանությունը ձևավորվում է ՀՀ իշխանության անմիջական ու շահախնդիր մասնակցությամբ։ Դրա համար էլ ԼՂՀ իշխանության լեզուն կարճ է։

Եվ հիմա, երբ այս կամ այն առիթով խոսվում է ԼՂՀ-ի ճանաչման մասին, նորից է ծագում տրամաբանական հարցը՝ ի՞նչը ճանաչեն։ Երկրորդելո՞ւ իրավունքը, սեփական ճակատագիրը որոշող բանակցային գործընթացին չմասնակցելո՞ւ իրավունքը, թե՞ ամեն տեսակի պատասխանատվությունից խուսափելու իրավունքը։

Բացի դրանից, Ճանաչումը ինձ չի պատկերանում մի թղթի տեսքով, որի տակ ստորագրել է մարդու մեկը Իստում կամ Վեստում, կամ երկուսի ներկայացուցիչները միասին, կամ Սերժ Սարգսյանը, որն իր իսկ ստորագրած փաստաթուղթը պիտի տա Զորի Բալայանին, որպեսզի վերջինս Նավասարդ Կճոյանի «Բենթլիով» (Գորիս-Ստեփանակերտ կենսուղում հընթացս դրամահավաքի անցկացումով) հասցնի թուղթն այդ Ստեփանակերտ։

Վիճարկելի են նաև մեր այն դիտարկումները, որ միջազգային ճանաչումը մեր անվտանգության գլխավոր երաշխիքն է լինելու։ Քանիցս ենք ականատես եղել, թե ինչպես են ճանաչված անկապ երկրի հերն անիծում։ Ուրեմն՝ կարևորն անկապ չլինելն է։

Հետո էլ միանգամայն համաձայն եմ հայտնի փորձագետ Մանվել Սարգսյանի այն դիտարկմանը, որ ներկայիս միջազգային հարաբերությունների փիլիսոփայության պարագայում ճանաչումն այնքան է էժանացել ու արժեզրկվել, որ բանուգործ թողած դրա ետևից ընկնելը պարզապես թիթիզություն է։ Միջազգային ճանաչումը պիտի մեր ետևից ընկնի, եթե մեզնից ինչ-որ բան ներկայացնենք։ Իսկ իրականում շատ ավելի կարևոր է միջազգային գործընթացները հասկանալը, դրանց այս կամ այն չափով մասնակցելու լուրջ հայտ ներկայացնելը, փաստացի հարաբերությունները փաստացի դերակատարների հետ՝ փաստացի իրավիճակներից ելք որոնելու հարցում։ Թե անենք՝ սա պիտի անեք, թե չէ՝ ճանաչեք հա ճանաչեք։

Նույնը՝ բանակցային գործընթացում։ ԼՂՀ իշխանությունները եռամսյակը մեկ իրենց մասնակցությունն են աղերսում միջազգային ակտորներից։ Կարգին չեն էլ խնդրում, քանի որ զահլա չունեն իրենց հազարումի գործերը թողած այդ պատասխանատու խնդրով զբաղվելու։ Մինչդեռ միջնորդնե՛րը, Հայաստա՛նն ու Ադրբեջա՛նը պիտի խնդրեն, որ պաշտոնական Ստեփանակերտը մասնակցի։ Թե մեզնից մի բան ներկայացնենք և գոնե մեզ վերաբերող հարցերը մենք ինքներս լուծենք, ապա մեզ ուղղակի քաշքշելով-խնդրելով-աղերսելով կբերեն բանակցային սեղանի շուրջ, որպեսզի հարցը լուծվի։ Իսկ հիմա բերում են (ականջը կանչի ՀՀ գործող նախագահի) որ ի՞նչ անենք… Որ կրկնենք պաշտոնական Երևանի դիրքորոշո՞ւմը։ Դե դրա համար էլ միջնորդներն ուզում են, որ անպայման ադրբեջանական համայնքն էլ մասնակցի, որպեսզի նա էլ կրկնի պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, ու քվիտ դառնանք։ Բայց եթե մենք խոսք ունենանք ասելու և կամք ունենանք հարց լուծելու, ապա մեր մասնակցությունը ոչնչով չեն պայմանավորի։

Ու հիմա նրանք, ովքեր պահանջում են միջազգային ճանաչում կամ առնվազն ՀՀ-ի կողմից ճանաչում, հասկանո՞ւմ են այս խնդիրների կարևորությունը, մտադի՞ր են ինչ-որ ներդրում ունենալ դրանց լուծման գործում, թե՞ պարզապես զանգ են կախում։ Ասենք՝ մտածո՞ւմ են, թե ինչպես նպաստեն, որ ԼՂՀ իշխանություններն ինքնուրույն քաղաքականություն վարեն, այսինքն՝ որ ԼՂՀ-ում իշխանությունը ձևավորվի ժողովրդի ազատ կամարտահայտության, այլ ոչ թե ՀՀ բարձրագույն ղեկավարության ազատ նախասիրությունների հիման վրա։

Կամ նրանք, ովքեր ճանաչման նախաձեռնություններն արկածախնդրություն ու դավաճանություն են որակում, իրենք ի՞նչ անդավաճան քայլեր են ձեռնարկում ղարաբաղյան գործոնը վերակենդանացնելու համար։ Փաստաթղթային ճանաչման դեմ նրանք հազարումի միջազգային փաստարկ կարող են բերել, բայց ահա ղարաբաղյան գործոնի ճանաչումը միայնումիայն մեր ձեռքերում է։

Իսկ եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա դժվար է մեր օրերում ճանաչել մի պետություն, որը մշտական հիմունքներով գործող խորհրդարան չունի։ Էլ ավելի խնդրահարույց է մի պետության ճանաչումը, որտեղ հաղթական պատերազմից 20 տարի անց էլ դեռ ռազմական դրություն է։ Ու ընդհանրապես անհնար է ճանաչել մի պետություն, որտեղ ոչ միայն չկա քաղաքացիության մասին օրենք, այլև հարցն այդ օրախնդիր էլ չէ։

Գեղամ Բաղդասարյան

Մեկնաբանել