Ապահովագրողները ԱՊՊԱ-ից վնասներ են կրում

2014թ. հունվարի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ամբողջովին գործելու է «բոնուսմալուս» համակարգը։ Ինչ է այն իրենից ներկայացնում, դրա գործարկումը ինչ կտա վարորդներին և ապահովագրական ընկերություններին, ՍիվիլՆեթին մանրամասնել է «Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը:

-Այս համակարգի ներդրումը ի սկզբանե նախատեսված էր 2010թ. ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով։ Համակարգը ենթադրում է ապահավագրավճարների վճարման ոլորտում արդարության որոշակի սկզբունքների ներդրում։ Այսինքն՝ այն վարորդները, որոնք ավելի շատ վթարի պատճառ կհանդիսանան, ավելի շատ կվճարեն, իսկ այն վարորդները, որոնք ավելի անվտանգ են երթևեկում, ԱՊՊԱ պոլիսների համար ավելի քիչ կվճարեն։ Համակարգի ողջ տրամաբանությունը դա է։

-Եթե վարորդը ունեցել է մեկ վթարի դեպք, որքա՞ն է ավելանալու նրա պոլիսի գինը։

-Կա սանդղակ, որը բաղկացած է 22 դասից: Յուրաքանչյուր վարորդ ունենալու է իր դասը։ Երբ վարորդը սկսում է զրոյից, նա սկսում է 10-րդ դասից, ինչը նշանակում է, որ նրա համար ապահովագրավճարը կազմում է 100%։ Եթե վարորդը մեկ տարի անվտանգ երթևեկում է, ապա նա տեղափոխվում է 9-րդ դաս և սկսում է վճարել ապահովագրավճարի 97%-ը, այսինքն՝ ստանում է 3% զեղչ։ Եթե վարորդը 10 տարվա ընթացքում վթարի չի ենթարկվում, ապա նա կստանա 50% զեղչ։ Երբ քաղաքացին վթար է ունենում, ապա նրա դասը բարձրանում է չորս կետով, և ապահովագրավճարն ավելանում է 16%-ով։

Վիճակագրությունից երևում է, որ վարորդների մոտ 20%-ն ընկնելու է մալուս համակարգի տակ: Ապահովագրական ընկերությունները հավելյալ գումարներ կստանա՞ն։

-Խոսքը վարորդների 10%-ի մասին, որոնք 2013թ. ունեցել են վթարի դեպքեր և մեղավոր են ճանաչվել։ Ինչ վերաբերում է ապահովագրավճարների ծավալի աճին, ապա համակարգը դա չի նախատեսում։ Այս համակարգի ողջ տրամաբանությունը այնպիսին է և գործակիցները այնպես են հաշվարկվել, որ ծածկվեն բոնուսները և մալուսները։ Այսինքն՝ ապահովագրավճարի բազան չի փոխվելու, և ապահովագրական ընկերությունները ստանալու են այնքան գումար, որքան ստանում էին մինչև համակարգի ներդրումը։ Պարզապես տեղի է ունենալու ներքին բախում՝ վթարային վարորդները վճարելու են ոչ վթարային վարորդների համար։

-Այսինքն՝ ապահովագրական ընկերությունների վնասաբերության ցուցանիշի փոփոխություն տեղի չի՞ ունենալու։

-Այս համակարգի գործարկումը ապահովագրական ընկերությունների ֆինանսական վիճակի վրա որևէ ազդեցություն չի թողելու։

-Ապահովագրական ընկերությունները նշում են, որ ԱՊՊԱ ոլորտում վնասներ են կրում, իսկ պատգամավորները, քաղաքացիները նշում են, որ գերշահույթներ են ստանում։ Որտե՞ղ է ճշմարտությունը։

-Մեր հայ իրականության մեջ երբեմն պոպուլիզմը հաղթում է առողջ տրամաբանությանը, մասնագիտական կարծիքին։ Մենք միշտ կողմնակից ենք եղել և առաջարկել ենք ինքնուրույն հաշվարկներից հեռու մնալ և դա առաջարկենք անել պրոֆեսիոնալներին, և այդ հաշվարկը ընդունելի կլինի բոլորի համար։ Մեր իրականությունը մի փոքր այլ է, և շատ մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, փոխանակ լսեն մասնագետների կարծիքները, ավելի շատ շեշտը դնում են պոպուլիզմի վրա, արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք։

Այս պահին ապահովագրության ոլորտում ունենք մի իրավիճակ, երբ ԱՊՊԱ համակարգը ճնշում է ապահովագրական ընկերությունների կապիտալին։ Ապահովագրական ընկերությունները ապահովագրության այս տեսակից վնասներ են կրում, բայց դա չի նշանակում որ ապահովագրական ընկերությունները հրաժարվելու են ապահովագրության այս տեսակից։ Միգուցե լինեն ապահովագրական ընկերություններ, որոնք կվերանայեն իրենց մասնաբաժինը ապահովագրության այս տեսակի շուկայում։ Ապահովագրական ընկերությունները մեծ կապիտալ ունեն, ինչը թույլ է տալիս վնասով աշխատել։

-Բայց քանի՞ տարի կարող են վնասով աշխատել։

-Մենք հուսով ենք, որ ի վերջո այս խնդիրը կկարգավորվի։ Եթե գլոբալ դիտարկենք, ապա վնասաբերության խնդիրը ոչ միայն ապահովագրական ընկերություններին է վերաբերում, այլ բոլորին։ Այս վիճակի հիմնական պատճառը մեր երթևեկության ոչ բարվոք վիճակն է, և չեմ կարծում, որ դա ապահովագրական ընկերությունները միայնակ կկարողանան լուծել։ Հուսով եմ, որ ի վերջո պատկան մարմինները, որոնք պատասխանատու են ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության համար, կսկսեն ավելի հետևողական լինել և շեշտը կդնեն հենց անվտանգ երթևեկության վրա։

-Երբ ներդրվում էր ԱՊՊԱ համակարգը, խնդիրների թվում նշվում էին խցանումները։ Թեև օրենսդրորեն և կանոնակարգելով տրվեցին լուծումներ, սակայն գործնականում նույնիսկ փոքր վթարի դեպքում առաջանում են մեծ խցանումներ։ Ինչո՞ւ այս խնդիրը լուծում չի ստանում։

-Եթե համեմատենք այլ երկրների հետ, ապա վթարներով պայմանավորված նման խցանումներ կարծես չկան։ Եթե լինում է թեթև վթար, ապա քաղաքացիները բավական արագ լուծում են իրենց հարցերը և ազատում են երթևեկելի մասը։ Մեզանում այս խնդիրը առաջացավ, քանի որ համակարգը ներդնելու սկզբնական փուլում կար խնդիր լինել լիբերալ և սպառողամետ ։ Գործընթացը շատ պարզեցվեց. նույնիսկ փոքր վթարի դեպքում քաղաքացիները զանգահարում են ապահովագրական ընկերություն, մասնագետը գալիս է, լրացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, և մի քանի օրից տուժած քաղաքացին ստանում է իր հատուցումը։ Խնդիր չկա ճանապարհային ոստիկանություն դիմելու, փաստաթղթեր հավաքելու առումով: Ամեն ինչ շատ պարզեցվեց, և արդյունքում ունենք այս իրավիճակը։ Բողոքների քանակից երևում է, որ վարորդները գոհ են այս գործելաոճից, բայց մյուս կողմից՝ քաղաքացիները, որոնք հայտնվում են խցանումներում, դժգոհ են։ Հուսով եմ՝ այդ հարցը կկարգավորվի, և պատկան մարմինները կսկսեն այդ խնդրով զբաղվել։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ չնչին խախտում կատարելու դեպքում, երբ դա ֆիքսվում է տեսախցիկի միջոցով, քաղաքացին ենթարկվում է վարչական պատասխանատվության, իսկ երբ վարորդի մեղքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, նա վարչական պատասխանատվության չի ենթարկվում։

Եթե վնասի չափը չի գերազանցում 200 000 դրամը, քաղաքացիները կարող են փոխհամաձայնության գալ՝ տեղյակ պահելով ապահովագրական ընկերությանը, և հեռանան դեպքի վայրից՝ ազատելով երթևեկելի մասը: Սակայն վարորդները չեն օգտվում այս եղանակից։ Ինչո՞ւ:

-Իսկապես, աբսուրդ վիճակները շատ են։ Կան դեպքեր, երբ քաղաքացիները զանգում են ապահովագրական ընկերություն, և նրանց առաջարկվում է տեղում լրացնել փաստաթղթերը։ Բայց վարորդները հայտարարում են, որ չեն կարող լրացնել, որ գումար են վճարում, որ ապահովագրական ընկերությունը վթարների դեպքում իրենց կողքին լինի և այլն։ Ապահովագրական ընկերությունը, որպեսզի հաճախորդը չդժգոհի, ստիպված է դեպքի վայր ուղարկել աշխատակից, որը վարորդների փոխարեն լրացնում է փաստաթղթերը։ Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում վարորդների գիտակցությունը կգա այն մակարդակի, որ իրենք ինքնուրույն լրացնեն այդ փաստաթղթերը։ Առայժմ ես չեմ տեսել դեպք, որ վարորդները գոնե փորձեն լրացնել այդ փաստաթղթերը և չսպասեն ապահովագրական ընկերության աշխատակցին:

Զրուցել է Արմենակ Չատինյանը

Հարցազրույցը դիտեք այստեղ:

Մեկնաբանել