Պետբյուջեի միջոցներով գիտաշխատողը չի կարող իր ընտանիքը նորմալ պահել. ԳԱԱ նախագահ

«Այն միջոցներով, որ մենք ստանում ենք պետբյուջեից , նորմալ ընտանիք հնարավոր չէ պահել: Գիտաշխատողը պետք է լրացուցիչ աշխատանք կատարի»,-ասաց Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե արդյոք հնարավոր է գիտնական դառնալով նորմալ ընտանիք պահել:

Այս համատեքստում հաղորդավարը նաև հարցրեց գիտաշխատողի միջին աշխատավարձի մասին: «Դժվար է պատասխանել: Դժվար է, քանի որ այն շատ ցածր է՝ 80 հազ. դրամ»,-նշեց ԳԱԱ նախագահը` հավելելով, որ գրեթե բոլոր գիտաշխատողները դասավանդում են բուհական հաստատություններում:

Ի պատասխան Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, որ գիտնականների տարիքը նույն նիշի վրա է, ինչ ԳԱԱ-ն, Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ համակարգում 55 տարեկանից բարձր գիտնականները կազմում են 45%, իսկ երիտասարդ գիտնականները՝ մինչև 35 տարեկանները, ակադեմիական համակարգի 29%-ն են կազմում՝ շուրջ 4000 մարդ:

Հատկանշական է, որ Մարտիրոսյանը չհամաձայնեց հաղորդավարի հնչեցրած այն մտքին, որ շատերի կարծիքով Գիտությունների ակադեմիան լճացած կառույց է և օրինակ բերեց մի քանի բարեփոխումներ, որ կատարվել են: Բարեփոխումների թվում նա առանձնացրեց մի քանի գիտական ինստիտուտների՝ մեկ կառույցում միավորելը: Սակայն ամենաէական բարեփոխումը Մարտիրոսյանի կարծիքով միջազգային հարաբերությունների ակտիվացումն է: Նա նաև ընդգծեց, որ այն մարդիկ, որոնք մտածում են, որ ԳԱԱ-ն լճացած կառույց է «գաղափար չունեն ինչ է գիտությունը և տեղեկություն չունեն ակադեմիայի մասին»:

Հարցազրույցի ավարտին հաղորդավարը ցանկացավ իմանալ՝ ինչ միջոցառումներ են նախատեսվում ԳԱԱ 70-ամյակի առիթով, որին ի պատասխան Մարտիրոսյանն ասաց, որ հիմնական միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին: Այդ օրը ԳԱԱ-ն տարբեր երկրներից մեծ թվով պատվիրակությունների կհյուրընկալի: Բացվելու է նաև ցուցահանդես, որին ներկա է լինելու նաև վաչապետ Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանել