Հարկային մուտքերը կախված են տնտեսական աճից

Ֆինանսների նախարարության գնահատականներով՝ եթե գալիք տարի տնտեսական աճը լինի 4%-ից ցածր, հարկային եկամուտները կկրճատվեն 17 մլրդ դրամով։

Հայաստանում 2014թ. հավաքագրվելիք հարկերի 97,6%-ը կամ 1,066 տրլն դրամը կառավարությունը նախատեսել է ապահովել մակրոտնտեսական միջավայրի զարգացման հաշվին։ Բայց եթե տնտեսական աճը 4%-ից ցածր լինի, պետբյուջեի հարկային մուտքերը կկրճատվեն 17 մլրդ դրամով կամ 1,6%-ով։

Ըստ կառավարության կանխատեսումների՝ 2014թ. պետբյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը այս տարվա համեմատ կավելանան 99,2 մլրդ դրամով՝ կազմելով 1,092 տրլն դրամ։ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը այս տարի ծրագրվածի համեմատ էապես չի փոխվի և գալիք տարի կկազմի 23,12%։ Ի դեպ, կառավարության գործունեության 2013-2017 թթ. ծրագրում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը նախատեսվում է բարելավել տարեկան 0,3-0,4 տոկոսային կետով։

Հարկային մուտքերի ծավալը ծրագրելիս գործադիրը 2014թ. համար հիմք է ընդունել տնտեսական աճի 5,1%, դեֆլատորի՝ 4,3% ցուցանիշները։ Ակնկալվում է, որ ներկրման ծավալները կաճեն 4%-ով՝ հասնելով $4 մլրդ-ի։ Գործադիրն ակնկալում է, որ մակրոտնտեսական միջավայրի զարգացման այս միտումները կապահովեն հարկային մուտքերի 97,6%-ը կամ 1,066 տրլն դրամը։ Մնացած 25,8 մլրդ դրամը նախատեսվում է հավաքագրել տնտեսական գործոնների և վարչարարական միջոցառումների իրականացման արդյունքում։ Պայմանավորված 2014թ. պետական կառավարման մարմիններում աշխատանքի վարձատրության բարձրացմամբ՝ կավելանան հավաքագրումները նաև եկամտային հարկի մասով։

Հարկային մուտքերի այն մասը, որը հավաքագրումը պետք է ապահովվի մակրոտնտեսական միջավայրի զարգացման հաշվին, ռիսկային է։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հոկտեմբերյան կանխատեսմամբ՝ 2014թ. Հայաստանի տնտեսությունը կաճի 4,8%-ով։ Կառավարությունը հարկային հավաքագրումները կանխատեսելիս հիմք է ընդունել տնտեսական աճի 5,1% ցուցանիշը։ Առաջին հայացքից 0,3 տոկոսային կետ տարբերությունն այդքան էլ մեծ չէ։ Գումարային արտահայտությամբ, սակայն, խոսքը 13 մլրդ դրամի մասին է, որից հարկերի տեսքով պետբյուջե պետք է մուտքագրվի 3 մլրդ-ը։

Ի դեպ, 2014թ. Հայաստանի տնտեսության աճը կարող է էլ ավելի ցածր լինել՝ պայմանավորված համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպով և հիմնական գործընկեր երկրներում խնդիրների խորացումով։ ԱՄՀ-ն հոկտեմբերյան կանխատեսումով ակնկալում է, որ 2014թ. համաշխարհային տնտեսությունը կաճի 3,6%-ով. նախորդ՝ հուլիսյան կանխատեսումը նվազեցվել է 0,2 տոկոսային կետով։ Ռուսաստանի համար նախորդ կանխատեսումը հիմնադրամը նվազեցրել է 0,3 տոկոսային կետով՝ մինչև 3%։

Ֆինանսների նախարարության գնահատականներով՝ եթե գալիք տարի տնտեսական աճը լինի 4%-ից ցածր, հարկային եկամուտները կկրճատվեն 17 մլրդ դրամով։ Այլ ռիսկերի դրսևորման դեպքում, մասնավորապես՝ ներկրման ծավալների կրճատում, ԾԻԳ-երի ցածր կատարողական, բյուջեի հարկային եկամուտները կարող են կրճատվել 52,8 մլրդ դրամով։

Մեկնաբանել