2795 անգամ բավական է…

Էրեբունի-Երևան: Սուտ, էլի սուտ: Չկա, չի լինում տոն մի քաղաքում, որտեղ մի քանի օր առաջ մարդասպանը դուրս է գալիս բանտից այնպիսի հանգստությամբ, ինչպիսի հանգստությամբ մենք ամեն օր դուրս ենք գալիս տանից:

Պարուսույց Հովսեփ Շամամյանը`ընկեր Օսիկը, ցածրահասակ մի մարդ, հայկական մարմնի տիպիկ ուրվագծով, մի քիչ ծուռոտ, մեկ էլ անսպասելի տարածում էր թևերն ու փոքր մարմնի միջով առանց պարեղանակի, անսպասելի պլաստիկ մի շարժում էր անցում, ու աչքիդ առաջ ընկեր Օսիկը դառնում էր պարող…

Ընկեր Օսիկը մեր Էրեբունի-Երևանն էր… սովետական ամեն աշնան, այս փոքրամարմին մարդը հայտնվում էր Նադեժդա Կոնստանտինովնայի անվան դպրոցում, ու նրա հայտնվելը նշանակում էր, որ պարելու ենք «Էրեբունի-Երևան ենք անելու»:

Խորհրդային երկրի աշակերտներիս համար Էրեբունի-Երևանը երևի միակ հասկանալի տոնն էր: Իշպուինի արքայի ու սարդուրների մասին մենք բան չգիտեինք: Մենուայի ու Արգիշտիի մասին լսել էինք, թանգարանում եղել էինք երևի, և այդքանով ավարտվում էր Երևանի հազարամյակները տոնելու գաղափարական մասը: Էրեբունի-Երևանը մնացած տոների համեմատությամբ ընդգծված մի առավելություն ուներ`հասկանալի տոն էր: Քաղաքի օրն էր: Մենք ուրախ էինք, մեզ պարել էին սովորեցնում մեկ ամբողջական ամիս: Մենք պարում էինք Երևանի կենտրոնական փողոցներում: Քաղաքի փողոցներում համով ուտելիք էր հայտնվում, ու մեր գրպանի ռուբլանոցը հերիքում էր երջանկության համար: Պարում էինք վալս, հայկական պարեր, ու մի լեհական պար, որն անշուշտ Բիայնիլիի հետ առնչություն չուներ: Էրեբունի-Երևանը հասկանալի տոն էր: Այն, որ Թիգլաթպալասարը ինչ-որ ժամանակ թուլացրել էր Ուրարտուի երբեմնի հզորությունը, ընկեր Օսիկի ուրախ պարի վրա ազդել չէր կարող: Ընկեր Օսիկին հունից հանում էին «փեդոլա» աղջիկներն ու տղաները, որոնց ոչ էլաստիկ մարմինների անհաջողությունները սոսկալի ծիծաղ էին առաջացնում, ու ամեն մեկս մտքում շնորհակալ էինք լինում Աստծուն, որ նրանց տեղում մենք չենք… Բայց ուրախությունը համընդհանուր էր, որովհետև Բիայնիլիի երբեմնի գոյությունը մեզ հնարավորություն էր տվել մոտ մեկ ամիս երրորդ դասից իջնել դպրոցի բակ ու… պարել:

Սպենդիարյանի «Էնզելին» հրաշալիորեն փոխարինում էր տանգենս, կոտանգենս, սինուս, կոսինուս խայտառակությանը՝ մանավանդ հումանիտար հակումներ ունեցող աշակերտների համար:

Մենք մի ամիս սպասում էինք Էրեբունի-Երևանին: Չկային անհասկանալի շքերթներն ու այդպես էլ չհասկացված աշխատավորների միջազգային օրվա անհեթեթությունն ու հոկտեմբերյան մեծ հեղափոխության եսիմորերոդ ամյակն ու հիպերտոնիայի, երիկամային դիսֆունկցիայի ու ծերունական թուլամտության արտաքին նշաններով զառամյալ ղեկավարների մեծադիր նկարներով լցված փողոցները:

Այսպես քաղաքը տոնում էր իր տոնը`միգուցե մի քիչ չափազանցված, մի քիչ հորինած, բայց քաղաքն ուրախ էր… Միգուցե քաղաքը մի քիչ հնարում էր, որ հազարամյակների հետ կապ ուներ, որովհետև քաղաքը նոր էր, վարդագույն, տուֆոտ, երիտասարդ, բայց քաղաք էր: Առավոտ վաղ կապույտ, բարի մռութով ջրցան մեքենաներով լվացվող քաղաք, որի խանութների դիմաց առավոտ վաղ շարում էին ստացված կաթնամթերքը, նախքան խանութը կբացվեր, ու ոչ մեկի մտքով չէր անցնում մի բան վերցնել մետաղական արկղերի միջից… քաղաքը կիրթ էր, քաղաքն առողջ էր անառողջ կայսրության մեջ, քաղաքը չէր գաղթում: Նա դեռ կլոշարի հայացքով չէր նայում աշխարհին ու անգրագետ չէր, թեև դժվար էր դիմագիծ պահել «եղբայրական» հավասարության մեջ:

Մի տարի առաջ Էրեբունի-Երևանի օրը փողոցում մի քանի անգամ տեսա հանրապետական «զնաչոկով» Տարոն Մարգարյանին ու Ռուբեն Ջաղինյանին: Ինչ էպիկական ունայնությամբ էին վազվզում Երևանի արդեն ապականված փողոցներով ու ինչ հևիհև՝ կարծես մի բանից ուշանում են, կարծես ինչ-որ մեկն ուրարտական սեպագրերում իրենց մասին մի բան է վերծանել, ու հիմա վազում են, որ իմանան՝ էդ ինչ է գրված… Այդպես անիմաստ, բայց կարևոր վազում էին կոմսոմոլի հրահանգիչներն ու քարտուղարները մեր մյուս «տոների» ժամանակ՝ մեզ այս ու այն կողմ հրելով՝ իբրև մի անկարևոր մասնիկ այս շատ կարևոր իրադարձության մեջ: Նույն, բացարձակ նույն շարժումներն էին: Նույն, բացարձակ նույն մարդիկ էին, պատճենահանած դեմքի արատահայտություններով ու մնացած «сброд»-ին այս ու այն կողմ հրելով . չէ, կներեք, «сброд» չէր` «каждая шваль» էր կարծես ասել մի անգամ էդ մոդիֆիկացված հայրենակիցներից մեկը: Բայց իրենք հիմա ոչ ավել, ոչ պակաս…. Լավ, զուսպ լինենք ու փոքր ինչ անգամ չանցնենք բարեկրթության անորոշ սահմանը:

Էրեբունի-Երևան: Սուտ, էլի սուտ: Չկա, չի լինում տոն մի քաղաքում, որտեղ մի քանի օր առաջ մարդասպանը դուրս է գալիս բանտից այնպիսի հանգստությամբ, ինչպիսի հանգստությամբ մենք ամեն օր դուրս ենք գալիս տանից: Մարդասպանին բաց թողնողը չի կարող ուրախանալ անգամ սեփական երախայի ծննդյան օրը:

Չկա, չի կարող լինել տոն մի քաղաքում, որտեղ հայրենասիրական երգեր թնդացնող երգչուհին պետական բյուջեից հարյուր երեսուն հազար դոլար է հանում սոված ու անգրագետ երեխաներով լցված ու դատարկված քաղաքում: Սուտը շատ է գարշահոտ:

Չի լինում տոն այն քաղաքում, որի հուշարձանները քանդվում են, աղմուկը ոտնահարելով, ու ինչ-որ մեկը, որի դեմքին նայելիս չես կարողանում հասկանալ իմբեցիլ է, թե մարդասպան, այնուամենայնիվ`քեզ վրա ծիծաղում է խրոխտ, ու դու հայացքդ հեռու ես տանում, որ չտեսնես ծիծաղը:

Չի կարող տոն լինել մի երկրում, որի սահմանամերձ գյուղերը հոգեվարքի մեջ են, իսկ կառավարության կազմը զինվորական համազգեստ է փորձում այնպիսի լրջությամբ, ինչպիսի լրջությամբ փոքրիկ աղջիկը կփորձեր իր մոր բարձրակրունկ կոշիկները:

Տոն չի կարող լինել մի երկրում, որի վեհափառից պահանջում են ներողություն խնդրել: Քանի որ չի լինում այդպիսի բան, դե չի՛ լինում այդպես, չի՛ լինում:

Եվ տոն չի կարող լինել այն մայրաքաղաքում, որի երկրի նախագահին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի օսլայած դահլիճում հարցնում են՝ «դուք խաղո՞ւմ եք խաղատներում»: Իսկ հիմա երկու բառով դրա մասին: Ոնց պատահեց, ով արեց, ով զիջեց իր հարցի իրավունքը, ով գիտեր նախապես, ով չգիտեր, մի հոգու որոշում էր, թե շատերի, ցնցված էր նախագահը հարցից, թե բոլորովին ում միտքն էր այս առասպելական հարցը, ով էր դեմ՝ սա մեծ իմաստով երկրորդական է, փաստն է հուժկու: Եթե հասավ այն օրը, որ կատարվեց անհավանականն ու հնչեց հարցը՝ ուրեմն շատ լուրջ մի բան շռնդալից խաթարված է: Հնչած հարցի կարևոր առակը սա է: Իսկ այն, որ իբր թե ամոթ է աշխարհով մեկ անել ամոթը՝ շատ ասիական ամոթխածություն է, կարծում եմ:

Իսկ հնչած հարցից հետո տոնել եսիմինչը՝ ամաչած քաղաքի անբռնազբոս երևալու խղճալի վարկած է: Միգուցե հավաքեինք այդ փողերը ու սահմանամերձ գյուղի ժողովրդին հասցնեինք, որ գոնե հասկանային՝ ինչու են ամեն օր ապրում մահը հարևան սարքած: Կամ գուցե 2795-ամյա իմաստնությամբ այդ գումարները տայինք արյան քաղցկեղով տառապող երեխաներին, որոնք մի քանի հազար դրամի խնդիր ունեն:

Մի անգամ, այնպես, ինչպես հանդերձարաններում հագան զինվորական համազգեստ ու նկարվեցին տղեքը՝ նկարվելու են, որ մնան Երևանի պատմության թանգարանում:

Մի ուրիշ սերունդ, Էրեբունի Երևանի օրը, չգիտեմ ավելի գրագետ ու ավելի բարեկիրթ, թե անսահման ավելի տգետ՝ պարտադրված էքսկուրսիայի օրը կմտնի Երևանի պատմության թանգարան, որտեղ չմաքրած ապակու տակ կլինի նաև 2013-ի հոկտեմբերին արված այդ լուսանակարը՝ ռազմահայրենասիրական կառնավալի հանդերձանքով կառավարությունը, ու էքսկուրսավարը հավանաբար արդեն համարձակ կպատմի, որ սրանք հասցրին երկիրը մի կանգառի, որտեղ ասվեց՝ «իջե՛ք, հաջորդ կանագառը՝ դիսպետչերանոց»: Ու իջան բոլորը՝ իմանալով ու գլխիկոր, որ հետ չեն գալու, կամ անիմաց ու անտեղյակ իրենց ճակատագրի դատարկությանը, կամ հավատալով, որ հետ կգան:

Այնուհանդերձ, մնանք վերջինների շարքում, որովհետև մի իմաստություն կա անբեկանելի, որ լուսաբացից առաջ է գիշերը հատկապես մութ, և մեկ էլ այն, որ երբ արդեն այնքան է սոսկալի, որ կառավարությունդ սկսում է քեզ զվարճացնել, նախագահդ Եվրախորհրդի դահլիճում մոլոր է, իսկ հարցը շամփրում է, ու կաթողիկոսից ներողություն են պահանջում,- ուրեմն մի բան շուտով փոխվելու է: Մնանք լավ լուրի սպասող՝ Էրեբունի-Երևանի մի մեծ խումբ բնակիչներ: Եվ թող օգնական լինեն մեզ Խալդի, Թեյշեբա, Շիվինի աստվածները: Էլի տոնեք, ու պարկապզուկի ծակող վայնասունը թող վերջին սուտ տոնը լինի կորացած քաղաքիս վրա:

Լուսինե Հովհաննիսյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել