Վլադիմիր Կարապետյանը հույս ունի, որ Տիգրան Առաքելյանը կարդարացվի

«Հույս ունեմ, որ Տիգրան Առաքելյանը կարդարացվի, սակայն չեմ հավատում, որ մեր դատական համակարգը կգնա այդ քայլին», -ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «Արմնյուզ» հեռուստաալիքի «Այբ-Ֆե» հաղորդման շրջանակում` պատասխանելով հաղորդավար Արամ Աբրահամյանի հարցին, թե արդյոք Տիգրան Առաքելյանը կարդարացվի: Կարապետյանը Առաքելյանի համաներումից հրաժարվելու հայտարարությունը էմոցիոնոլ պոռթկում գնահատեց, քանի որ ՀԱԿ ակտիվիստը, Կարապետյանի խոսքով, գտնվել է հոգեբանական ճնշման ներքո: «Հույս ունեմ, որ Առաքելայնի այդ հայտարարությւոնը իրավական հետևանքներ չի ունենա», -ասաց Կարապետյանը: Ի պատասխան Աբրահամյանի հարցին` արդյոք Հայաստանում հետագայում կրկին կարող են քաղբանտարակյալներ լինել, Կարապետյանը նշեց, որ այս իշխանությունների գործելակերպի և քայլերի պայմաններում, ինքը չի կարող վստահ լինել, որ քաղբանտարկյալներ չեն լինի: Ընդ որում` ըստ Կարապետյանի` հետագայում ևս իշխանությունների համար որպես քաղբանտարկյալ հիմնական թիրախ կարող են լինել ՀԱԿ անդամները, քանի որ ՀԱԿ-ն է «այս իշխանության այլընտրանքը»: Տիգրան Առաքելյանը հոկտեմբերի 9-ի դատական նիստի ընթացքում հայտարարել էր, որ ինքը հրաժարվում է համաներումից: «Ես հիմա պաշտոնապես հրաժարվում եմ ընդհանրապես ամնիստայից, բայց Դուք չեք հարգում Ձեր կուսակցապետի ընդունած օրենքը: Հիմա ես երկու ամիս ավելի եմ նստել արդեն: Ես պաշտոնապես հրաժարվում եմ, ես թույլ չեմ տալիս ինձ վրա ամնիստիա կիրառել: Ինձ արդարացման դատավճիռ է պետք, որը կլինի այս դատարանի կազմով, թե ուրիշ, բայց լինելու է»,- ասել էր նա: Այսօր` հոկտեմբերի 11-ին, Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով եզրափակիչ նիստը:

Մեկնաբանել