Ոչ այլևս թրքության երդում

Photo: http://www.kurdishacademy.org

«Թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ:

Առաջնորդվում եմ՝

Փոքրերիս պաշտպանել, մեծերիս հարգել,

Պետությունս, ազգս սեփական եսից ավելի սիրել:

Նպատակս բարձրանալ և առաջ գնալն է:

Հե՛յ մեծն Աթաթուրք, երդվում եմ, որ քո բացած ճանապարհին,

Քո ցույց տված նպատակին անդադար պիտի հետևեմ:

Իմ ինքնությունը թող նվեր լինի թրքական ինքնությանը:

Երջանիկ է նա, ով ասում է՝ թուրք եմ»:

Վերոհիշյալ զինվորական քայլերգ հիշեցնող ֆաշիստական երդումը բարեբախտաբար Թուրքիայում ընդունված Ժողովրդավարացման փաթեթի շնորհիվ այլևս դուրս է գալու օգտագործումից: Այս երդումը 1933թ. գրել է ընդամենը տասնութ ամիս կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնող կրթության նախարարը: 1934-ից մինչև օրս այն ամեն առավոտ բարձրաձայն արտասանվում է Թուրքիայի բոլոր դպրոցականների կողմից; Մի կողմ թողնենք վեց տարեկան երեխայի հոգեբանությունը, որը մինչև առաջին դասարան սկսելը սովոր է դիտել պատկերազարդ գրքեր, որտեղ ամենաբացասական կերպարը երևի աղվեսն է: Թուրքիայում ապրող քուրդ, հայ, հույն, հրեա, ասորի, չերքեզ, աբխազ, լազ, վրացի և նաև թուրք երեխաները, հրաժարվելով իրենց չարաճճի մկնիկներից, ընկերասեր շնիկներից և գունավոր հերոսներից, դպրոցական առաջին օրվանից իրենց կարծես զգում են ռազմի դաշտում՝ շրջապատված թշնամիներով: Եվ այս անմեղ երեխաները պարտավորվում են իրենց կոչել թուրք, պայքարել հանուն թուրք ազգի և ավելին՝ նվիրվել թրքությանը:

Հայկական վարժարաններում այս երդումը շատ ավելի խիստ է կիրառվում, չնայած, որ բոլոր աշակերտները և ուսուցիչների մեծ մասը հայեր են: Նույնը և հունական և հրեական վարժարաններում:

Հայկական վարժարաններում պարտադիր է թուրքերեն լեզվի և գրականության, պատմության, աշխարհագրության ուսուցիչների ազգությամբ թուրք և նախարարության կողմից հատուկ ընտրված լինելը: Գոյություն ունի նաև թուրք փոխտնօրեն պաշտոնը զբաղեցնող վերակացու, որն անվտանգության գաղտնի աշխատակից է: Այս «մասնագետները» բացի թրքությունը և դրա բարձրությունը քարոզելուց, շատ փոքր տարիքից ծածուկ կերպով բացատրում են ոչ թուրք աշակերտներին «Երջանիկ է նա, ով ասում է՝ թուրք եմ» խոսքի իսկական իմաստը, այսինքն. «Եթե չես ասելու թուրք եմ, եթե չես դառնալու թուրք, ուրեմն այս երկրում երջանիկ լինել չես կարող»:

Թուրքիայի դպրոցներում շաբաթական երկու անգամ՝ դպրոցի բացման և փակման օրերին, պարտադիր երգվում է «Ազատության քայլերգը»: Հայկական վարժարաններում այս կիրառումն էլ որոշակի առումներով ավելի «հետաքրքիր է»: Քայլերգը երգելու ժամանակ, դպրոցի բակում շարված աշակերտների շարքերի միջով, աչալուրջ անցնում է թուրք փոխտնօրենը, որը հետևում է, որ բոլորը բարձրաձայն երգեն և հանկարծ որևէ մեկը չփորձի միայն շուրթերը շարժել: Նույն փոխտնօրենը հետևում է նաև, որ բոլորը հերթով բռնեն թուրքական դրոշը, և ոչ ոք բաց չթողնի դրոշը բռնելու իր «պատվավոր» հերթը, անգամ եթե երեխան ֆիզիկապես ի վիճակի չէ պահել բավական ծանր դրոշը: Նման դեպքում կասկածամիտ փոխտնօրենը հատուկ տեղեկանք է պահանջում բժշկից առ այն, որ տվյալ աշակերտն ի վիճակի չէ պահել թուրքական դրոշի ծանրությունը:

Վեցից-տասը տարեկան, դեռ բառի բուն իմաստով ոչ ազգություն, ոչ շահ, ոչ քաղաքականություն իմացող ցանկացած հայ երեխայի հնարավոր թշնամի, իրենց իսկ բառերով՝ «հայի սերմ» անվանող այս մարդիկ, մանուկների դեմ իրենց անդադար պատերազմում ժամանակ առ ժամանակ հասնում էին աբսուրդի: Օրինակ՝ հանրապետության օրը դասարանը զարդարել էին տալիս բազմաթիվ դրոշներով ու ասում. «Ձեր տներն էլ կզարդարեք դրոշներով», տոն օրերին թուրքական փոքրիկ դրոշներ էին կարել տալիս դպրոցական համազգեստի վրա: Զարմանալին այն էր, որ փոքրիկն այնքան վախեցած էր լինում, որ տուն գնալով՝ սենյակը զարդարում էր դրոշներով, մտածելով, որ կարող է՝ գան և ստուգեն: Նույնիսկ ծնողական ժողովները սկսում էին այդ երդման արտասանությամբ, և ծնողներին ևս վերահհսկում էին նույն ձևով: Թուրքական դպրոցներում նման ծայրահեղություններ չէին լինում:

Այո՛, Թուրքիայում ընդունված ժողովրդավարացման փաթեթը թերի է, պակասներ ունի, և կառավարությունը կարող էր ավելի լավն առաջարկել, սակայն թեկուզ միայն մանկական հոգեբանության վրա ծանր հետևանքներ թողնող երդման պարտադիր կիրառման դադարեցումը կարելի է նոր սերնդի համար դեպի ազատություն առաջին քայլը համարել:

Մեկնաբանել