Մարգվելաշվիլին առաջինն այցելեց կաթողիկոսին

Վրաստանում հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով վստահ առաջատար է «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը Թբիլիսիից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 5:00-ին մոտ հաշվել էր արդեն քվեների կեսից ավելին: Ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 46.5%-ը:

Մարգվելաշվիլին ստացել է ընտրողների 62.17% ձայնը, իսկ հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն՝ 21.65% ձայն: «Ժողովրդավարական շարժում – միասնական Վրաստան» շարժման առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն ստացել է քվեների 10.14%-ը:

Այս արդյունքները էականորեն չեն տարբերվում երեկ ընտրատեղամասերը փակվելուց հետո հրապարակված էքզիթ փոլի արդյունքներից, որոնց համաձայն՝ քվեարկությանը մասնակցածների 68%-ը ձայնը տվել է Գիորգի Մարգվելաշվիլիին, իսկ Դավիթ Բաքրաձեն ստացել էր 20% ձայն, Նինո Բուրջանաձեն՝ մոտ 10%:

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններին մասնակցել է 23 թեկնածու:

Ինչպես հաղորդում է Թաթուլ Հակոբյանը Թբիլիսիից, էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին առաջինն այցելեց վրաց կաթողիկոս Իլյա Երկրորդին և ստացավ նրա օրհնությունը: Պատրիարքարանից դուրս գալուց հետո Մարգվելաշվիլին պատասխանել է ՍիվիլՆեթի հարցին: «Կյանքում ամենդժվար պահերին, և հաղթանակը նույնպես դժվար պահ է համարվում, ես միշտ հնարավորություն եմ ունեցել շփվելու Նորին Սրբության հետ: Ես շատ ուրախ եմ, որ այսօր ես կրկին հնարավորություն ունեցա հանդիպել նրան»,- ասաց Մարգվելաշվիլին:

Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մասնագիտությամբ փիլիսոփա 1, որը մինչև վերջերս այնքան էլ հայտնի քաղաքական գործիչ չէր ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ` դրսում:

Ռեպորտաժը ՍիվիլՆեթի կայքում դիտեք քիչ հետո:

Մեկնաբանել