Դինքի դատավարություն. արար երկրորդ

Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերջին շրջանի ամենամութ դրվագներից մեկը Հրանտ Դինքի սպանությունն էր: Սպանության իրականացումը և դատավարության անհասկանալի ընթացքը բացահայտում է երկրում պետության, կառավարության, «խորքային պետության» («Էրգենեքոն»), բանակի, ոստիկանության, ժանդարմերիայի, հատուկ ծառայությունների, ֆեթուլահականների (Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներ) մինչև օրս չբացահայտված կապերը և ներքին տարաձայնությունները:

Այս մութ խաղի մեջ այդպես էլ դեռ չպարզվեց «ո՞վ-ո՞ւմ բարեկամն է»: Հինգ տարվա ընթացքում որքան էլ բացահայտվեցին ոստիկանության, անվտանգության, պետական պաշտոնյաների անմիջական առնչությունները սպանությանը, այսօրվա դրությամբ մնացին երեք մեղավորներ:

Առաջինն անմիջական մարդասպան, անչափահաս Օգյուն Սամաստն էր, որին դատապարտեցին 23 տարվա ազատազրկման:

Երկրորդը տրապիզոնցի ազգայնական Յասին Հայալն էր, որը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Հայալը, նախկինում էլ Տրապիզոնում լինելով տարբեր քրեական գործերի մասնակից, համոզել էր Սամասթին, որ Դինքին սպանելն ազգանվեր գործ է:

Երրորդը Տրապիզոնի Տեխնիկական համալսարանի ուսանող, էլազիգցի Էրհան Թունջելն էր, որը կարճ ժամանակով դատապարտվելուց հետո ազատ արձակվեց, իսկ մի քանի օր առաջ կրկին ձերբակալվեց բավական հետաքրքիր հանգամանքներում:

Թունջելը` նախորդ երկու երիտասարդ փողոցային խուլիգաններին հակառակ, ուներ լայն կապեր ուժային կառույցներում, ազգայնական շրջանակներում, ուլտրանացիոնալիստական «Մեծ միություն կուսակցության» անդամ էր: Հայալը երկար տարիներ գտնվել էր Թունջելի անմիջական ազդեցության ներքո և գործել նրա ցուցումներով, սակայն Թունջելի անունն այդ դատական գործերում անգամ չի հիշատակվել:

Ներկայում Թունջելը նոր երգ է երգում. ինքը հետախուզության գործակալ է եղել և հատուկ առաջադրանքով ներթափանցել է ազգայնական, ահաբեկչական շրջանակներ, պարզել է Դինքի սպանության նախապատրաստման հանգամանքները և զեկուցել Տրապիզոնի ոստիկանությանը և ժանդարմերիային, սակայն Դինքի սպանությունը չկանխվեց և հիմա ինքն է հայտնվել զոհի կարգավիճակում: Թունջելը ձերբակալվեց, ազատ արձակվեց, նրա նկատմամբ հետապնդում հայտարարվեց, որի ժամանակ նա հանգիստ ապրում էր Ստամբուլի ծովափնյա էլիտար թաղամասերից մեկում, ժամանակն անցկացնում ընթերցանությամբ, կատարելագործվում արևելյան մարտարվեստներում և թեյարանում ինտելեկտուալ զրուցներ էր վարում ոչ անհայտ ահաբեկիչ Մեհմեդ Ալի Աղջայի հետ: Ոստիկանությունն իբր որոնում էր Թունջելին, սակայն նա «հայտնաբերվեց» «Սթար» օրաթերթի լրագրողի կողմից և հանդես եկավ ծավալուն հարցազրույցով, որտեղ նոր բացահայտումներ էր խոստանում` հայտարարելով, որ նախապատրաստում է իր ելույթը դատարանում և պատրաստվում է ինքնակամ ներկայանալ ոստիկանություն:

Դինքի սպանությունը երեք հոգու վրա բարդելու ծրագիրը չբավարարեց կառավարական շրջանակներին: Այսօր ակնհայտ է, որ Էրդողանի կառավարությունը ուզում է վերսկսել դատավարությունը: Դատավարությունը շարունակելու համար դիմում են տարբեր ճանապարհների և այս անգամ սկսում են Թունջելից, որպեսզի կարողանան բացահայտել մնացածին: Թունջելի երկար ժամանակ չհայտնաբերվելը, իսկ ընդամենը մի շաբաթ առաջ իշխանամետ «Սթար» օրաթերթի կողմից գտնվելը, Թունջելի «Պետությունն այս սպանության հետ կապ չունի, սա խորքային պետության գործն է, որին աջակցեցին ոստիկանությունը և դատարանը: Ես այս անգամ բոլորի անունները բացահայտելու եմ» խոսքից հետո ձերբակալվելը, Դինքի խաղի երկրորդ մասն է:

Շատ հավանական է Թունջելի և կառավարության պայմանավորվածությունը և համագործակցությունը: Թունջելն ասելու է այն ամենը դատարանում, որն իրեն արդեն թելադրված է, սակայն խաղը գնալով դառնում է ավելի վտանգավոր: Այս ամենով «խորքային պետության» այսբերգի դեռ մութ մնացած մասը ոչ թե բացահայտվելու է, այլ գտնելով ուրիշ զոհեր` կարծես թե իջնելու է ավելի «խորքերը»` դառնալով ավելի ուժեղ և անձեռնմխելի:

Առայժմ անպատասխան է մնում այն հարցը՝ թե «խորքային պետությունը», ինչպես բանակը, անցնելու է Էրդողանի իշխանության տա՞կ, թե՞ Էրդողանն արդեն համագործակցում և ինքն է մաս կազմում «խորքային պետության»:

Մեկնաբանել