Հայկական ժառանգությունը, մշակույթն ու պատմությունը խեղաթյուրվում են Ադրբեջանում. Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 11-ին Փարիզում ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 37-րդ նստաշրջանին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Նախարարն իր ելույթում անդրադարձել է Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացմանը և նշել է, որ հայկական ժառանգությունը, մշակույթն ու պատմությունը ներկայում խեղաթյուրվում և կերպարանափոխվում են Ադրբեջանում:

Ելույթում մասնավորապես ասված է. «Մենք մեծապես գնահատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակը աշխարհում միջմշակութային երկխոսությունը, ըմբռնումը և հանդուրժողականությունը խրախուսելու գործում։

Այս տարվա մայիսին Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը՝ իր կարևորագույն գերակայությունը դարձնելով այլատյացության, ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարը:

Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու տարածումը հանդիսանում են քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հասկացությունը, այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակական վնասումն ու ոչնչացումը պետք է դատապարտվեն նույն վճռականությամբ, ինչ մարդկանց դեմ բռնությունը:

Նախիջևանում ադրբեջանցիների կողմից 9-16-րդ դարերում հայ վարպետների նրբորեն պատրաստած հազարավոր խաչքարերի ոչնչացումը նման հանցագործության բացահայտ դրսևորումն է: Մի քանի հազար այսպիսի միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, իսկ այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխավոր ասամբլեան հայտարարել է. «Այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:

Մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փորձերը՝ Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու, արհամարհվել, մերժվել են Ադրբեջանի կողմից:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Կրթության ոլորտում խտրականության կանխման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան նշում են, որ «կրթությունը պետք է տարածի փոխըմբռնում, հանդուրժողականություն և բարեկամություն բոլոր ազգերի, ռասայական կամ կրոնական խմբերի միջև»: Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուրույն դերը կրթության բնագավառում՝ մենք կոչ ենք անում կազմակերպությանը՝ իր կրթական ծրագրերի շրջանակներում ստեղծելու մշտադիտարկման մի մեխանիզմ, որը կուսումնասիրի և կգնահատի անդամ պետությունների դասագրքերը, հատկապես՝ պատմության և հասարակական գիտությունների դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռասիզմի և այլատյացության բացառմանը:

Ավելի քան երեսուն դար պահպանված հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմությունը ներկայումս խեղաթյուրվում և կերպարանափոխվում են Ադրբեջանում: Այս երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակում է ընթանալ իրենց տարածքում գտնվող այլ մշակույթների ժառանգության յուրացման կամ ոչնչացման, ավելին՝ հարևան ազգերի մշակութային ժառանգությունը սեփականացնելու միջոցով: Պետությունը, որն աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել ավելի քիչ, քան 100 տարի առաջ, տարածքային և մշակութային պահանջներ ունի մի ժողովրդի և երկրի նկատմամբ, որն ունի հնագույն ժամանակաշրջանից արձանագրվող հազարամյակների պատմություն»:

Մեկնաբանել