Հայաստանում ձվային ճգնաժամ է

Հայաստանը սկսել է մեծ քանակությամբ ձու ներկրել: Ըստ մաքսային վիճակագրության՝ 2013թ. 9 ամսում ներկրվել է 4,2 մլն հատ ձու՝ 12 անգամ ավելի, քան 2012թ. 9 ամսում: Նախկինում էլ պատահել է, որ Հայաստանը ստիպված է եղել ձու ներկրել: Սովորաբար դա տեղի է ունեցել Ամանորի կամ Զատկի տոների նախօրեին, երբ ձվի նկատմամբ հավելյալ պահանջարկ է ձևավորվել: Սակայն մի քանի հարյուր հազար հատ ներկրված ձուն արագորեն փակում էր ճեղքվածքը: Հիմա իրավիճակն այլ է՝ ձվի կեսից ավելի ներկրվել է երրորդ եռամսյակում, և զուգահեռ տեղի է ունեցել ձվի գնի բարձրացում: Առջևում դեռ Ամանոր կա, ու ներկրված ձվի ծավալները կարող են կրկնապատկվել:

Հայաստանն ամսական սպառում է 40-45 մլն հատ ձու, հետևաբար՝ ներկրված ձվերը որակապես շուկայում մեծ դերակատարում չունեն: Սակայն այս տեմպերով շարունակվելու դեպքում կարելի է խոսել թռչնարտադրության ոլորտում սկսվող ճգնաժամի մասին:

2010թ. համեմատ ձուն թանկացել է 55%-ով՝ պարենային ապրանքների 16,6% միջին թանկացման պարագայում: Անցյալ տարվա համեմատ ձվի գնաճը միջինը մոտ 18% է, և ձու արտադրողներն այն բացատրում են հիմնականում կերի թանկացմամբ: Հավերին կերակրում են համակցված կերով, իսկ դրանց կարևոր բաղադրիչ հանդիսացող սոյայի քսուկը, վիտամիններն ու արևածաղկի ձեթը թանկ են ներկրվում, դրան էլ գումարած՝ էլեկտրաէներգիայի ու գազի թանկացումը:

Սակայն այստեղ ամեն ինչ չէ, որ պարզ է: Հայաստանում միջին չափի ձվի միջին գինը ներկայում 70-75 դրամ է: Հայաստանը Նիդեռլանդներից այս տարի 1,6 մլն հատ ձու է ներկրել մոտ 80 դրամ մաքսային արժեքով: Թե որտեղ են իրացվում այդ թանկարժեք ձվերը, այդպես էլ չկարողացանք պարզել՝ երևանյան սուպերմարկետներում ամենաթանկ ձուն 110 դրամ է՝ դա մեր տեղական՝ «տնական» ձուն է: Չի բացառվում, որ նիդեռլանդական ձուն ներկրել են թռչնաֆաբրիկաներն իրենց ներքին օգտագործման համար, կամ էլ դրանք ներկրվել են հրուշակեղեն արտադրողները:

Առավել լայն սպառման համար նախատեսված են Ուկրաինայից ներկրվող համեմատաբար էժան ձվերը. այդ երկրից ներկրումը 2013թ. կազմել է 1.8 մլն հատ՝ 51 դրամ/ձու միջին մաքսային արժեքով: Սակայն նկատենք՝ որևէ խանութում չեք գտնի «ուկրաինական ձու» մակնշմամբ ձվեր: Սակայն եթե այդ 51 դրամին հավելենք տրանսպորտային ու պահպանման ծախսերը, ավելացված արժեքի հարկը, ապա կրկին այն էժան չի ստացվում: Փաստորեն՝ Հայաստանում ձվի արտադրությունն այնքան վնասաբեր է դարձել, որ ինքնարժեքին մոտ գնով ներկրումն արդարացնում է իրեն:

Հայաստանը սկսել է ձու ներկրել նաև Վրաստանից, ինչը նախկինում երբեք տեղի չէր ունեցել: Ավելին՝ մինչև 2010 թ. Հայաստանը մեծ քանակությամբ ձու էր արտահանում Վրաստան, ու երբ այդ արտահանումը դադարեց, Հայաստանում ստեղծվեց գերարտադրություն: Վերջին տարիներին Վրաստանն արագորեն զարգացրել է թռչնարտադրությունն ու հիմա 22 թռչնաֆաբրիկա ունի՝ նախկին երեքի համեմատ: Այնտեղ թռչնակերը գրեթե ամբողջությամբ արտադրում են տեղում՝ տեղական եգիպտացորենից, ու դա որոշ մրցակցային առավելություն է տալիս:

Այսպիսով՝ Հայաստանում թռչնաարտադրության զարգացման հիմնական խոչընդոտը էժան ու որակյալ թռչնակերի արտադրության բացակայությունն է: Այս հարցը չլուծելու դեպքում հայկական թռչնաարտադրության ճգնաժամը կարող է ավելի խորանալ՝ հանգեցնելով խոշոր թռչնաֆաբրիկաների փակմանը:

Սամվել Ավագյան

Լուսանկարը` PanArmenian.Photo-ի

Մեկնաբանել