Նախ պետք է ազատվել Սերժ Սարգսյանից

Երևանում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ հակառուսական կոչերը հանրության շրջանում մեծ աջակցություն չեն վայելում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կազմակերպված բողոքի գործողություններին մասնակցում էր ընդամենը մի քանի հարյուր մարդ:

Պատճառները առավել քան ակնհայտ են և պայմանավորված են սոցիալ-տնտեսական իրողություններով: Հատկապես Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից աճել է երկրաչափական պրոգրեսիայով: Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողներըը ՀՀ քաղաքացիների ստվար հատվածի համար ապահովում են կայուն եկամուտ: Ռուսաստանից ստացվող տարեկան անհատկան դրամական փոխանցումները տարեկան կազմում են շուրջ 2 միլիարդ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության վրա մուլտիպլիկատիվ մեծ ազդեցություն ունի:

Բացի այդ, Հայաստանը ռազմական և էներգետիկ տոտալ կախվածության մեջ է Ռուսաստանից: Սոցիալ-տնտեսական այս իրողությունները հաշվի առնելով և առաջնորդվելով պրագամատիկ մտածողության կանոններով՝ պետք է հասկանալի լինի, որ Հայաստանում հակառուսական տրամադրություն գեներացնելը գրեթե անհնար է: Մեղմ ասած, ճիշտ չէ քաղաքացիներին մեղադրել, որ նրանք հրաժարվում են «ազգային ազատագրական» պայքար մղել ռուսական իմպերիալիզմի դեմ:

Երբ Հայաստանի տնտեսությունը Սերժ և Տիգրան Սարգսյանների «շնորհիվ» չի կարողանում բավարարել սեփական քաղաքացիների պահանջներն ու անվտանգությունը, նրանք սկսում են ապավինել այն պետությանը, որը նրանց ապահովում է եկամուտի և անվտանգության որոշակի հնարավորություններով:

Սա ամենևին չի նշանակում, որ ՀՀ քաղաքացիները պատրաստ չեն պայքարելու հանուն արժանապատիվ և բարեկեցիկ երկիր ունենալու: Հանրության շրջանում ներքին համոզվածություն կա, որ Ռուսաստանի և Մաքսային միության դեմ պայքարելով՝ երկրի առաջ ծառացած խնդիրները չեն լուծվելու, իրավիճակ չի փոխվելու:

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացի մեղավորը ոչ թե Ռուասատանն է, այլ Հայաստանի գործող իշխանությունները, որոնք հետևողականորեն հող են նախապատրաստել Հայաստանի գաղութացման համար: Մաքսային միության անդամակցության գործընթացը վիժեցնելու, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից նվազագույնի հասցնելու համար նախ պետք է ազատվել գործող իշխանություններից՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Զուգահեռաբար անհրաժեշտ է մրցակցային և կենսունակ տնտեսություն կառուցել, ինչը էականորեն կնվազեցնի մեր կախվածությունը ռազմավարական գործընկերոջից, և արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանը կստանա մանևրելու հնարավորություն: Հետևաբար, իրավիճակը քաղաքական օրակարգում կտրուկ փոխելու համար պետք է դրվի միայն Սերժ Սարգսյանի և իշխող Հանրապետական կուսակցության իշխանազրկման պահանջը:

Այս դեպքում միայն կարելի է հրապարակում ապահովել հանրային լայն մոբիլիզացիա, որին լեգիտիմիության կրիտիկական պակասորդ ունեցող գործող իշխանությունը հազիվ թե կարողանա դիմակայել:

Մեկնաբանել