Իմ վասալի վասալը իմ վասալը չէ

Եվրաինտեգրումից Հայաստանի փաստացի հրաժարումից ու Մաքսային միությանը անդամակցելու պատրաստակամությունից հետո պաշտոնական Երևանը լիովին հանձնվեց «ավագ եղբորը»՝ Ռուսաստանին։ Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ «բիրիքով» հանձնվեց նաև պաշտոնական Ստեփանակերտը։ Արցախցիներս բողոքում էինք, որ մեզ վերաբերող հարցերը վաղուց արդեն որոշվում են ոչ թե Ստեփանակերտում, այլ Երևանում։ Բայց պարզվում է, որ բեթարն էլ կա՝ դրանք կարող են լուծվել Մոսկվայում։ Սակայն նաև ակնհայտ է, որ երկրորդ հայկական պետականության համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել ինքնուրյուն քաղաքականություն վարելու և ինքնահաստատման համար՝ հընթացս ապացուցելով, որ Մոսկվայի վասալի վասալը Մոսկվայի վասալը չէ։ Ավելին՝ որ ոչ մեկի վասալն էլ չէ։ Արդեն իսկ տեսանելի են առաջին նախանշաններն այն բանի, որ ինքնուրույն քաղաքականություն վարելու պարագայում ԼՂՀ-ն ձեռք է բերելու զորեղ դաշնակիցներ ու աննախադեպ հնարավորություններ։

Զգու՞մ է, արդյոք, եղանակի փոփոխությունը արցախյան իշխանությունը։ Ինդիկատորներից մեկը ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի նկատմամբ նրա վերաբերմունքն է։ Հետևենք վերջին իրադարձություններին ու հայտարարություներին և փորձենք հասկանալ՝ փոխվե՞լ է ինչ-որ բան, թե՞ ոչ։

Սարգսյան-Ալիև վերջին հանդիպման կապակցությամբ կրկին հրատապ էր դարձել բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը։ Հանդիպման նախօրեին և դրանից հետո հնչել են տարբեր կարծիքներ, այդ թվում՝ պաշտոնական։

Սարգսյան- Ալիև հանդիպումից երկու օր առաջ՝ Գանձասարում, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ըստ www.karabakh-open.info-ի, պատասխանելով երիտասարդների հարցերին, նշել է, որ ընդունելի կարող է լինել այն տարբերակը, որի մշակմանը ԼՂՀ-ն մասնակցի էն գլխից, այլ ոչ թե ինչ-որ մի փուլում։

Հանդիպումից առաջ իր կարծիքն է հայտնել նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։ «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Վիեննայում կայանալիք հանդիպումից իրենք ոչ մի ակնկալիք չունեն։ Վարչապետն այս հանդիպումը համարել է հերթական, որից կարելի է ակնկալել առավելագույնը փոխվստահության կառուցման միջոցառումների ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ նախնական համաձայնության ձեռքբերում։ Ըստ Արա Հարությունյանի՝ քանի որ իրենք կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա բանակցությունները պետք է շարունակվեն։ Միևնույն ժամանակ, վարչապետը համոզված է, որ բանակցությունները չեն կարող շոշափելի արդյունքներ ունենալ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության անմիջական կողմ, ուղիղ կերպով ընդգրկված չէ բանակցային գործընթացում։

Ավելի ուշ ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես եկավ մեկնաբանությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 19-ին կայացած հանդիպման վերաբերյալ։ Ըստ ԼՂՀ արտաքին-քաղաքական գերատեսչության՝ տևական ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով հանդիպումների վերսկսումը կարևոր նշանակություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աշխուժացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից։ ԼՂՀ ԱԳՆ-ն կարծում է, որ կայացած հանդիպումն ապացուցում է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը և կծառայի նրա անշրջելիության ապահովմանը և միաժամանակ անհրաժեշտ է համարում նշել, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով առկա իրողությունները և բանակցությունների լիարժեք ձևաչափի՝ նրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական և ուղղակի մասնակցությամբ, վերականգման պայմանով։

Այս ամենից կարելի է այն եզրակացության հանգել, որ կարգավորման հարցում արցախյան իստեբլիշմենտի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, և որ շարունակվում է նրա կրավորական կեցվածքը։ Գնալով հղկվող ու ողորկվող ձևակերպումներն էլ սոսկ կոչված են լցնելու այն դատարկությունը, որ ստեղծվել է արցախյան իշխանությունների աննախաձեռնողականության պատճառով։

Աբսուրդի է հասել այն իրավիճակը, երբ առանց իր մասնակցության բանակցային գործընթացում առաջընթաց բացառող ղարաբաղյան կողմը հերթական անգամ բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով հանդիպումները և պնդում, որ դրանք կարևոր նշանակություն ունեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Այս, մեղմ ասած, հակասությունն է, որ արդեն գրոտեսկի է վերածվել։ Տարիներ շարունակ արցախյան իշխանություները պնդել են, որ առանց իրենց մասնակցության ոչինչ հնարավոր չէ և անմիջապես էլ ողջունել Քոչարյան-Ալիև ավագ, Քոչարյան-Ալիև կրտսեր և Սարգսյան-Ալիև կրտսեր հանդիպումները՝ կարևորելով դրանց նշանակությունը։

Մի կողմ թողնենք այն տրամաբանական հարցը, թե ինչ են քննարկում մեր իշխանությունները համանախագահների հետ պարբերական դարձած հանդիպումների ժամանակ։ Ու եթե հանդիպում են համանախագահների հետ, ապա էլ ինչու են ասում, որ չեն մասնակցում բանակցային գործընթացին։ Իսկ եթե չեն մասնակցում, ապա ինչու՞ են հանդիպում համանախագահներին։

Այո, մի կողմ թողնենք այս աբսուրդը, քանի որ հոգնել ենք այս մասին խոսելուց ու գրելուց։ Պարզապես ուշադրություն դարձնենք մեկ այլ հանգամանքի վրա։ Արցախի իշխանություններն այնքան են հայտարարել բանակցային գործընթացում իրենց մասնակցության անհրաժեշտության, ինչպես նաև այն մասին, որ առանց այդ մասնակցության առաջընթաց հնարավոր չէ, որ միանշանակ կարելի պնդել՝ բանակցություններին մասնակցելը նրանց համար նպատակ է։ Արցախյան արտաքին քաղաքականության ողջ հռետորաբանությունն ուղղված է դրան՝ բանակցային գործընթացին մասնակցելուն։ Ու նպատակն էլ դարձել է ինքնանպատակ։

Այն, որ մասնակցությունը նպատակ է և ավելին՝ անիրականալի նպատակ, վկայում է արցախյան իստեբլիշմենտի գործերով չամրապնդվող հռետորաբանությունը։ Որովհետև այդ նպատակի մասին խոսելուց բացի իրական ոչինչ չի արվում այդ ուղղությամբ։ Ասել է թե՝ իրենք էլ չեն հավատում դրան։ Այլապես ինչ-որ բան կանեին։

Մինչդեռ բանակցային գործընթացին մասնակցելը չի կարող նպատակ լինել։ Այն կարող է և պիտի միջոց լինի ինչ-որ բանի համար։ Հենց այս ինչ-որ բանն է, որ ծանր բեռ է արցախյան իշխանությունների համար։

Մարդկանց թվում է, թե բանակցային սեղանը մարաթոնի այն երանելի սահմանագիծն է, որին հասնելուց անմիջապես հետո մարաթոնի մասնակցին ծաղիկներ ու մեդալ են տալու և ուղարկելու են վաստակած հանգստի։ Իրականում պայքարը նոր է սկսվելու ու հենց այնտեղ է սկսվելու։ Իսկ մեր իշխանությունը մի կերպ ու ձեռնունայն է հասած լինելու այնտեղ՝ հազիվ ինքզինքը այնտեղ հասցրած։ Մինչդեռ ի տարբերության օլիմպիադաների, որտեղ միգուցե ամենակարևորը մասնակցությունն է, հակամարտող կողմերի միջև ընթացող բանակցություններում կարևորը ձեռքբերումներն են։

Ենթադրենք, թե հասել ենք մեր բաղձալի կամ անբաղձալի նպատակին և եկել է այն երանելի կամ ահավոր օրը, երբ պիտի մասնակցենք բանակցություններին ու արդեն մեր արժանի տեղն ենք զբաղեցրել բանակցային սեղանի շուրջ։ Ի՞նչ ենք ասելու և ի՞նչ ենք անելու։ Որևիցե մեկը մտածու՞մ է այս ուղղությամբ։ Ասելիք ունե՞նք ընդհանրապես։

Կարևորն, ի վերջո, ասելիքն է։ Եթե ասելիք չունենք, վայ մեզ։ Բայց եթե ասելիք ունենք, ապա բանակցային գործընթացին մասնակցել-չմասնակցելը երկրորդական հարց է դառնում, քանի որ այդ դեպքում ոչ թե մենք կխնդրենք մեզ տեղ տալ բանակցային սեղանի շուրջ, այլ մեզ կխնդրեն մասնակցել։ Հետո էլ՝ մեր ասելիքն ինքը ասպարեզ կգտնի քննարկման համար։ Ասպարեզ, ինչպես նաև շահագրգիռ մարդիկ ու կազմակերպություններ։

Տխուր է, բայց փաստ՝ բանակցությունների ողջ ընթացքում արցախյան իշխանությունները ոչ միայն չեն ներկայացրել հիմնախնդրի քաղաքական կարգավորման որևէ ծրագիր ու պլան, այլև հանդես չեն եկել որևէ նախաձեռնությամբ, ավելին՝ հակամարտության մյուս կողմերին ու միջազգային հանրությանը հայտնի չէ հակամարտության կարգավորման արցախյան տեսլականը։

Եթե կա ասելիք և եթե ունենք տեսլական, ապա տեղեկատվական ֆանտաստիկ հնարավորությունների մեր դարում մենք կարող ենք այն որպես քննարկման առարկա պարտադրել ցանկացած լսարանի։ Ու համանախագահները փախչելու տեղ չէին ունենա մեր նոր ու թարմ գաղափարներից։

Սոսկ մի օրինակ՝ համեմատության համար։ Նորերս պատիվ ունեցա խաղաղարար մի խմբի կազմում Բրյուսելում հանդիպել Եվրամիությունում Բասկերի երկրի պատվիրակության հետ։ Բասկերի երկիրը, ինչպես հայտնի է, ուզում է անջատվել Իսպանիայից։ Պաշտոնական Մադրիդն էլ, բնականաբար, դեմ է։ Իսկ Բրյուսելում բասկերն առաջին բանը, որ անում են՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված իրենց տեսլականը (հանգամանորեն և կետ առ կետ շարադրված մի ծրագիր՝ իր լրիվ ու համառոտ տարբերակներով) աջուձախ ներկայացնելն է։ Ու հենց դա է պատճառը, որ չճանաչված այս երկիրն ունի պատվիրակություն ԵՄ-ում։ Ի հեճուկս պաշտոնական Մադրիդի։

Եվ ի նախանձ պաշտոնական Ստեփանակերտի։

Մեկնաբանել